Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. ականատեսների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակը: Այս մասին տեղեկացնում է yekirmedia-ն:
«Վան» հասարակական կազմակերպության հրապարակած առաջին ուսումնասիրությունից հետո, որն ամփոփում էր Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգների եւ Պարսկահայքի շրջանի վերապրողների՝ 1916 թվականին հավաքված 602 վկայություններ, 2013 թվականին առանձնացվեց եւ մեկ գրքով անգլերեն տպագրվեց 145 վկայություն:
Իսկ հիմա արդեն Թուրքիայում Ռագըփ Զարաքօլուն հրատարակել է դրա թուրքերեն թարգմանությունը: Նյութերը վերցված են Հայաստանի ազգային արխիվից:
Թուրքերեն տարբերակի հայաստանյան շնորհանդեսին նախորդած ասուլիսում հրատարակիչ Զարաքօլուն ասել է, որ 1500 օրինակով տպագրված գիրքը նախատեսում է տարածել Թուրքիայում, ինչի համար ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական արգելքներ կան, սակայն ցանկացողը կարող է ձեռք բերել այն նաեւ համացանցի միջոցով:
Հրատարակիչը նշել է, որ Թուրքիան ցանկանում է պատմության ցեղասպանություն իրագործել` հին փաստաթղթերը ոչնչացնում է, ստեղծում նորերը՝ իր նոր չափանիշներին համահունչ, եւ քարտեզներից, բառարաններից, գրքերից, գրավոր բոլոր վկայություններից ցանկանում են ջնջել հայերի մասին տեղեկությունները:
«Երբ սկսեցինք Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին գրքի հրատարակությունը, թուրք հանրության մեջ միայնակ էինք: Տպագրելուց հետո մեր դռնից ներս մտնելու համարձակություն ունեցան միայն երկու տարեց հայեր: Գիրքն արգելվեց, հետո գաղտնի տպագրեցինք: Երրորդ քաջը, որը ներս եկավ, Հրանտ Դինքն էր: Նա հանձն առավ 1000 օրինակ գաղտնի տարածել: Հրանտ Դինքն իր պայքարը շարունակեց եւ կյանքով հատուցեց գաղափարների համար: Բայց թուրք հանրության մեջ արդեն նկատվում են փոփոխություններ՝ հենց վերնախավից սկսած»,- ասաց իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն։