կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-13 13:29
Հասարակություն

Նոր մոտեցումներ՝ ընտանիքների անապահովության գնահատման կարգում

Նոր մոտեցումներ՝ ընտանիքների անապահովության գնահատման կարգում

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես, բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում: Այս նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվում է կատարելագործել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը: Ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխությունների հիմքում դրվել են արմատապես նոր մոտեցումներ: Նախատեսվում են՝ կարգում հնարավորինս ներառել տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները՝ դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը, երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում երեխաների առկայության հանգամանքի կշռի ավելացում` դիտարկելով նման ընտանիքներին աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային:

Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021թթ. ռազմավարական ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Ծրագրի նպատակներն են, մասնավորապես, բարելավել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը, ստեղծել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, ներգաղթյալ, այդ թվում՝ փախստական, պատերազմական գործողություններից, աղետներից կամ արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց կարիքների օպերատիվ և համագործակցված մեխանիզմներ և ծառայություններ, կատարելագործել անչափահասների կատարված իրավախախտումների կանխման մեխանիզմները, բարելավել երեխաներին տրամադրվող կրթական ու առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու որակը:

Արդյունքում կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը, կստեղծվի կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև, հաստատություններում խնամվող երեխաների կեսից ավելին կվերադառնա ընտանիք, կապահովվի երեխաներին տրամադրվող առողջապահական, կրթական ու մշակութային ծառայությունների որակն ու մատչելիությունը: