կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 15:26
Հասարակություն

Այս որոշումն ապօրինի է. Սաթիկ Սեյրանյանը` քաղաքապետարանից լրատվական խմբագրություններին ուղարկված ծանուցման մասին

Այս որոշումն ապօրինի է. Սաթիկ Սեյրանյանը` քաղաքապետարանից լրատվական խմբագրություններին ուղարկված ծանուցման մասին

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Նյութ» լրատվական գործակալության խմբագիր Աշոտ Աղաբաբյանը և քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձան քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններին ուղարկված ծանուցմանը:

Ծանուցման համաձայն` խմբագրությունները, որոնք մոտավորապես տասը տարի գործել են այդ տարածքում, պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:

Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ երեկ որպես ժուռնալիստների միության նախագահ զանգահարել է քաղաքապետի ընդունարան՝ ակնկալելով, մինչ լրագրողների հետ հանդիպումը, խմբագիրների հետ հանդիպում կազմակերպել, խնդիրը քննարկել,  սակայն երկու անգամ էլ գործավարն ասել է, որ քաղաքապետը զբաղված է: Նա մեջբերեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի դիտարկումը, ըստ որի՝ այս ծանուցմամբ ոտնահարվել է ավագանու որոշումը: «Այսինքն՝ այս որոշումն ապօրինի է: Աշխարհում չկա որևէ մեդիա, որն ինքնածախսածածկ է»,- ասաց Սեյրանյանը և շեշտեց, որ ճիշտ կլիներ՝ քաղաքապետարանը խնդիրները քննարկեր և հասկանար, թե ինչ է տեղի ունեցել:

Նրա կարծիքով` լրագրողներն իրենց խոսքի ազատությունը նվաճել են ամենօրյա աշխատանքի միջոցով և հարգանք են պահանջում: «Այդ վերջնագրերով խոսելու ոճը չի կարող լավ բանի հանգեցնել: Սա այն վերջնագիրն է, որն ընդունել է նոր իշխանությունը քննադատական խոսքի նկատմամբ, և այն մեդիաները, որոնք այս ճակատագրին են արժանացել, քննադատող մեդիաներից են: Ես սա դիտարկում եմ որպես մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպված քայլ, թե` կա՛մ եկեք իշխանության դաշտ, կա՛մ դուրս եկեք»,- նշեց ժուռնալիստների միության նախագահը:

Ըստ Սաթիկ Սեյրանյանի`սա ոչ թե Հայկ Մարությանի որոշումն է, այլ վարչապետի կողմից իջեցված հրահանգ է:

Միևնույն ժամանակ, նա առաջարկեց բոլոր այդ լրատվամիջոցներին տեղակայել Արշակունյաց փողոցում գտնվող մամուլի շենքում, դուրս հանել այնտեղից առևտրային կազմակերպություններին, որոնք մամուլի հետ կապ չունեն:

Աշոտ Աղաբաբյանը հավելեց, որ այս շենքի աջ և ձախ կողմերում ևս շենքեր են,  դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածում էլ նախկին նախարար Արամ Հարությունյանը շենքեր ունի: Նա կոչ արեց քաղաքապետարանին` գնալ և դրանք վերցնել ու արդյունավետ օգտագործել:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե մամուլը բերվում է հավասար դաշտ, քանի որ «Հետքը»-ը, որը ևս գտնվում է այդ տարածքում, վճարում է, Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Ես առաջարկում եմ «Հետք»-ի համար դարձնել անվճար, և բոլորս կլինենք հավասար: Մենք աղբանոց ենք ստացել, միլիոններ ենք ծախսել: Կարծում եմ, որ միայն նրանք չեն Երևան համայնքի համար աշխատում, մենք էլ ենք աշխատում»:

Աղասի Ենոքյանն արձագանքեց, որ, ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին սևի ու սպիտակի, այնպես էլ մամուլն է ներկայումս բաժանվում սևի ու սպիտակի: «Ի վերջո, փոքր համքարություն է լրագրողական համքարությունը: Բոլորս գիտենք, թե ինչպես եղավ հեղափոխությունը` հեղափոխությունը եղավ ժողովրդի և մամուլի միջոցով: Մամուլի դեմ իշխանությունը պատերազմ է հայտարարել, և սա այդ պատերազմի հերթական ճակատամարտն է, և մամուլը պետք է դիմադրի»,- ասաց նա: