կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 18:43
Առանց Կատեգորիա

Արմեն Վահրամյանը վրձնել է «Թումանյանի աշխարհը». Համազգային հայ կրթական մշակութային միությունը ցուցահանդես է կազմակերպել

Արմեն Վահրամյանը վրձնել է «Թումանյանի աշխարհը».  Համազգային հայ կրթական մշակութային միությունը ցուցահանդես է կազմակերպել

Փետրվարի 26-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ  «Թումանյանի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպվել էր Համազգային հայ կրթական մշակութային միության կողմից` հայոց  մեծ բանաստեղծի 150-ամյակի առթիվ:

«Ընդամենը մի քանի օր առաջ միությունը ձեր սեղանին դրեց Վարդգես Ահարոնյանի խմբագրմամբ «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը: Այսօր ձեզ ենք ներկայացնում Արմեն Վահրամյանի աշխատանքների ցուցահանդեսը»,- նշեց Համազգային հայ կրթական մշակութային միություն հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը:

Բանասիրական գիտությունների թեկնածու Սեպուհ Երիցյանի խոսքով` Լոռի աշխարհի ազնվականների՝ Քալանթարովների գյուղում ծնված Վահրամյանը իր ստեղծագործությունների մեջ միշտ հավատարիմ է եղել ծննդավայրին: «Ցուցահանդեսում տեսնում ենք և՛ Օձունը, և՛ տարածաշրջանի հետաքրքիր մյուս բնակավայրերը, բնության այն գողտրիկ անկյունները, որոնք նկարիչը մեզ է ներկայացնում: Հետաքրքիր վրձին ունի Վահրամյանը, որում մենք տեսնում ենք ոչ միայն ուղղակի բնանկար, այլև պատմության արձանգանքներ և դրանց մերօրյա դրսևորումները: Մենք այստեղ տեսնում ենք Արմեն Վահրամյանի մասնագիտական վարպետությունը, որը հասկանալու համար պետք է մտածել, որոնել և գտնել այն ասելիքը, որը պատմություն ունի»,- նշեց նա:

Ըստ նկարիչ Հրանտ Թադևոսյանի` Վահրամյանը կարողացել է կտավին փոխանցել զգացականը: «Իսկապես Արմենը մարդ է, որ ծնվել է նկարելու համար: Ի՜նչ մեծ երջանկություն է, երբ մարդը գիտի, թե ինչի համար է ապրում»,- ընդգծեց նա:

Արմեն Վահրամյանը շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական մշակութային միությանը և Նկարիչների միությանը՝ ցանկություն հայտնելով, որ ներկաներն իրեն կներկայացնեն իրենց տպավորությունները: