Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում մտահոգությամբ են հետեւում արտաքին քաղաքականության հետ կապված` Սպիտակ տանը նկատվող կադրային վերադիրքավորումներին: Ուշադրության կենտրոնում է հատկապես փոխնախագահ Մայք Փենսի ուղղակի ներգրավումը արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Իրանի հետ կապված հարցերում:
Իրանի անմիջական մասնակցությամբ Մերձավոր Արեւելքում մոտալուտ պատերազմի անխուսափելիության մասին ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունը չէր կարող վրիպել պաշտոնական Թեհրանի տեսադաշտից: Դա պարզորոշ ազդանշան է այն մասին, որ մեկ տասնամյակ դադարից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում կրկին վրա է հասել նեոպահպանողականների, այսպես կոչված, «աստեղային ժամը»: Մայք Պոմպեո-Ջոն Բոլթոն զույգին համալրման է գալիս Մայք Փենսի «պահեստային՝ ծանր հրետանին»: Իրանում մտահոգված են այն հանգամանքով, որ Պոմպեո-Բոլթոն-Փենս եռյակի շնորհիվ նեոպահպանողականներին կհաջողվի անմիջական եւ լիարժեք վերահսկողություն սահմանել ԱՄՆ արտաքին քաղաքական ոլորտի նկատմամբ, որն էլ, բնականաբար, լավատեսության որեւէ առիթ չի ենթադրում: Թեհրանում չեն մոռացել, թե ինչ պատահեց տարածաշրջանում, երբ 2000-ականների սկզբին նման իրավիճակ ստեղծվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում:
Իրանական փորձագիտական շրջանակներում փորձում են պարզել, թե ինչպիսին է լինելու ամերիկյան մերձավորարեւելյան ռազմավարությունը, եթե, իսկապես, դրանում ակտիվորեն ներգրավվի նաեւ Մայք Փենսը, որն իր հակիրանական ընդգծված մոտեցումներով ոչնչով չի զիջում ո'չ Մայք Պոմպեոյին, ո'չ էլ Ջոն Բոլթոնին:
Տիրական տեսակետը Սպիտակ տան կողմից, այսպես կոչված, «օֆշորային հավասարակշռում» ռազմավարության ձևափոխված տարբերակի կիրառումն է: Հիշեցնենք, որ «օֆշորային հավասարակշռումը» ենթադրում է, որ տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ը պետք է տարբեր տիպի քաղաքականություն վարի` հիմնվելով, նախ եւ առաջ, ուժերի հավասարակշռության սկզբունքի կիրառման վրա (Բեյքերի գիծ): Այդ ռազմավարության համաձայն` Միացյալ Նահանգներն օգտագործում է իր ուժը մոլորակի ընտրովի տարածաշրջաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն ԱՄՆ-ի համար եւ որոնց համար արժե պայքարել: Այս ռազմավարության մուտացված տարբերակում ուժի օգտագործումը հավասարեցված է ռազմական գործողություններին եւ լոկալ պատերազմներին:
Չմոռանանք, որ տնտեսական հզորության եւ բնական պաշարների ապահովման տեսանկյունից այդպիսին են համարվում հատկապես Մերձավոր Արեւելքն ու Պարսից ծոցի տարածաշրջանը, որտեղ էլ անխուսափելիորեն բախվում են ԱՄՆ-ի եւ Իրանի կենսական նշանակության շահերը:
Թեեւ տարածաշրջանը դեռեւս հեռու է հնարավոր պատերազմի վտանգից, իսկ նեոպահպանողականներն էլ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա լիարժեք վերահսկողության սահմանումից, այդուհանդերձ, վերջին մեկ ամսվա ընթացքում տարածաշրջանի եւ Իրանի հետ կապված` ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձի միտումներն ակնհայտ են, իսկ դրանց կարեւորագույն առանցքներից մեկն էլ Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի անխուսափելության մասին փոխնախագահ Մայք Փենսի` բաց տեքտով հայտարարությունն է:
Թեհրանում որսացել են Վաշինգտոնից եկող վտանգավոր ազդանշանները եւ պատրաստվում են իրավիճակային զարգացմանը համարժեք արձագանքին եւ դրան համապատասխան վերադիրքավորմանը:
Արամ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Alikonline-ի պատասխանատու խմբագիր հատուկ Yerkir.am-ի համար