Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունն անցկացրել են «ՀՀ կաթնամթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն էր հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը, շուկայի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ գյուղատնտեսության նախարարությունից և պետական եկամուտների կոմիտեից:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն անդրադարձել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթին, որը սահմանում է պարտադիր պահանջ. յուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների վրա այսուհետ պետք է նշվի դրանցում բուսական յուղի պարունակության մասին: Նա շեշտել է. «Ոչ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ոչ էլ պետական որևէ կառույց հակված չէ վնասել կաթ վերամշակողներին և, կարծում եմ, ճիշտ կլինի, որ գտնենք միասնական լուծումներ: Կլինի դա կրկնապիտակով, թե այլ ձևով, մենք հետևելու ենք, որ սպառողները չմոլորեցվեն և տեղեկացվեն, որ տվյալ մթերքն իրականում ոչ թե կաթնամթերք է, այլ դրա նման ինչ-որ զանգված»:
ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը մանրամասնել է կանոնակարգի՝ մակնշմանը վերաբերող պահանջները. «Մակնշման պահանջների փոփոխություններից է արտադրանքի անվանումը: Եթե նախկինում շուկայում ունեինք արտադրանք, որը ներկայացվում էր որպես թթվասերիկ կամ թթվասերային մթերք, ապա ներկայումս նման հասկացությունների կիրառումը բացառվում է: Արտադրանքը պետք է կոչվի կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով: Տուփի վրա մեծ տառաչափով պետք է նշվի, որ արտադրանքը պարունակում է բուսական յուղեր: Այս ամենն արված է, որպեսզի սպառողը հնարավորություն ունենա գիտակցված ընտրություն կատարելու և հասկանա՝ ինչպիսի արտադրանք է գնում: Մակնշման բաղադրության մեջ պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչ բուսական յուղի օգտագործման մասին է խոսքը: Կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը թույլատրում է կաթնայուղը փոխարինել ոչ ավել քան 49%-ի չափով»:
Բանախոսը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում շուկայում հենց տվյալ մակնշման պահանջների նկատմամբ է իրականացվելու պատշաճ վերահսկողություն:
Բարձրացվել են և համակողմանիորեն քննարկվել են կաթնատու կենդանիների առողջությանը, կաթի մթերմանը, կաթնամթերքի արտադրման գործընթացին, իրացմանը, մրցակցային արդար պայմանների ապահովմանն առնչվող հարցեր: Կաթի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներն առաջարկել են բնական կաթնամթերքն ու կաթնային փոխարինիչով մթերքը խանութներում վաճառել տարբեր հատվածներում, որպեսզի սպառողն ավելի հեշտ կողմնորոշվի և ինքն ընտրի, ինչ գնել: Այս և այլ առաջարկների փաթեթը կներկայացվի ՍԱՏՄ։