Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ փետրվարի 13-ին ԱՀ դատախազության նիստերի դահլիճում տեղի է ունեցել գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է դատախազության 2018 թթ. գործունեությունը:
2018 թվականին Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 739 դեպք, որից բացահայտվել են 621-ը, իսկ 97 հանցագործություն գտնվում է քննության փուլում:
«Ուսումնասիրելով մարդու դեմ ուղղված հանցագործությունների կատարման պատճառները և դրանց նպաստող պայմանները՝ արձանագրվել է, որ նշված բնույթի հանցագործությունների կատարման պատճառ են հանդիսացել հիմնականում կենցաղային հողի վրա առաջացած հարցերը»,- ասել է Արթուր Մոսիյանը:
Հանցագործություն կատարած անձանցից 552-ը ԱՀ քաղաքացիներ են, 88-ը՝ ՀՀ քաղաքացիներ, 4-ը՝ օտարերկրացի, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող անձ: ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց կողմից կատարված հանցագործությունները արձանագրվել են հիմնականում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում, որը պայմանավորված է նշված շրջանների՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանակից լինելու հանգամանքով:
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված հանցագործությունների 47 դեպք, այդ թվում՝ 11-ը՝ մահվան ելքով, որոնցից 3-ը Ստեփանակերտ քաղաքում, 2-ը՝ Մարտունու, 2-ը՝ Քաշաթաղի, 1-ական Ասկերանի, Շուշիի, Մարտակերտի և Շահումյանի շրջաններում: Նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների և պատճառների վերլուծությունը ցույց է տվել, որ վարորդները վատ տեսանելիության, վազանց կատարելու կամ արագությունը գերազանցելու պատճառով կորցրել են տրանսպորտային միջոցի կառավարումը, որն էլ պատճառ է հանդիսացել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների:
«Ընդհանրացնելով 2018 թվականին հանրապետության տարածքում արձանագրված հանցավորության վիճակի վերաբերյալ զեկույցը, որպես դրական դինամիկա կարելի է արձանագրել, որ 2018 թվականին Ստեփանակերտ քաղաքում և շրջանների մեծ մասում արձանագրվել է հանցագործություննների թվի նվազում: Մյուս դրական ցուցանիշը այն է, որ 2018 թվականին արձանագրված 739 հանցագործության դեպքից միայն 59-ը կամ 7,9%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Ողջունելի է նաև այն փաստը, որ կրկնակի նվազել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը»,-ասել է գլխավոր դատախազը:
ԱՀ դատախազության գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ԱՀ գլխավոր դատախազը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:
Արցախի եւ Հայաստանի դատախազությունների միջեւ համագործակցության հարցն առաջիններից էր: Արթուր Մոսիյանը նշել է, որ Հայաստանի դատախազության հետ բոլոր համաձայնությունները պահպանվում են եւ երկու կառույցներն աշխատում են նորմալ գործընկերային պայմաններում:
Անդրադառնալով այն հարցին, թե վերջին շրջանում Հայաստանում արձանագրված կոռուպցիոն գործերի բացահայտումն ինչպիսի դրսեւորումներ է ունեցել Արցախում հարցին, Արթուր Մոսիյանը նշել է. «Արցախում տասնյակ գործեր ենք ունենում, որոնք հրապարակվում են ԱՀ դատախազության պաշտոնական կայքէջում, պարզապես դրանց ներկայացնելու ձեւն է տարբեր: Մենք առանձնահատուկ նպատակ չենք հետապնդում հայտարարելու մեր ամենօրյա աշխատանքը: Մենք մեր պարտականությունները եւ աշխատանքը պաթոսով չենք ներկայացնում եւ ամենօրյա շոուի կարիք մենք չունենք»,-ասել է ԱՀ գլխավոր դատախազը:
Լրագրողի կողմից բարձրացրած այն հարցին, թե արդյոք դատախազությունն ունի կանուխ մեկնարկած նախընտրական քարոզարշավը վերահսկելու որեւէ գործառույթ, Արթուր Մոսիյանը ասել է, որ դատախազության վերահսկողական գործառույթը գործարկվում է միայն ընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո: