Ռուսաստանը արձանագրել է և ի գիտություն է ընդունել Հայաստանի և Թուրքիայի միջև վերջերս արձանագրված դրական ազդակները: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը, ինչպես գիտեք, միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ի դեպ, պետք է հիշեցնել, որ մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին։ Այսպես` մենք նպաստեցինք 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում ՝ առանց նախապայմանների առաջադրման»,- նշել է Զախարովան:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանը ոչ միայն միջնորդի դեր է խաղացել, այլ նաև գործուն, արդյունավետ քայլեր է ձեռնարկել, որոնք դրական արդյունքներ են տվել:
«Հետագայում արդեն կողմերը չեն իրականացրել դրանք, բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր: Մենք այժմ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելով»,- եզրափակեց Զախարովան: