կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 17:19
Քաղաքական

Ռուս խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Ռուս խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է աշխատել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ներքին գործերի նախարարության, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջոցով հետեւողական քայլեր են ձեռնարկվում իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Հարկավոր է գտնել լուծում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնություններով ավտոշարասյուններ։ Կցանկանայի եւս մեկ անգամ նշել, որ ռուս խաղաղապահների դեմ հրապարակային հարձակումներն ու սադրանքները, մենք անընդունելի ենք համարում։ Նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներ են։ Նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշել է նա։

Զախարովան անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծին, որն այդպես էլ չընդունվեց։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը մանրամասն բացատրություն է տվել։

«Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական վերաբերմունքին, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների մեծ մասը։ Մեր արեւմտյան գործընկերները չեն համարձակվել նույնիսկ ուղղակի փաստերը ներկայացնել տեքստում։

Մասնավորապես, հիշատակել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքն են։ Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ բովանդակային աշխատանքով՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է նա։

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, մենք հետեւողականորեն աջակցում ենք պրոֆիլային երկկողմ հանձնաժողովի գործունեությանը։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցելու նրա աշխատանքին, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր տրամադրելով։

Այս ուղղությամբ առաջընթացը թույլ կտա արդյունավետորեն լուծել վիճելի հարցերը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվում է համապատասխան եռակողմ խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։ Նրա հովանու ներքո կատարվել են լուրջ նախապատրաստական ​​աշխատանքներ, լրացուցիչ համատեղ ջանքեր են պահանջվում դրանք իրականացնելու համար»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։