կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-03 22:15
Քաղաքական

ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Թիլերսոն

ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Թիլերսոն

Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` պետքարտուղար Թիլերսոնն, ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն արժևորում է երկու երկրների միջև ջերմ և ամուր հարաբերությունները և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ հագեցած օրակարգի բազմաթիվ հարցերի, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։

ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն հայտնեց միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր գնահատեց Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվեց անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: