կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 15:10
Քաղաքական

Միջազգայնորեն ապահովված անվտանգությունն ավելի բարձր երաշխիք է, քան սահմանին կանգնած զորքերը. փորձագետ

Միջազգայնորեն ապահովված անվտանգությունն ավելի բարձր երաշխիք է, քան սահմանին կանգնած զորքերը. փորձագետ

«Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը տարօրինակ է համարում, որ Փաշինյան-Ալիև հանդիպումները տեղի չեն ունենում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով: Նա ոչ ֆորմալ հանդիպումները համարում է վտանգավոր:

«ՄԽ ձևաչափն ուներ հաստատված իր օրակարգը, որով քայլ առ քայլ որոշակի հաջողություններ կամ անհաջողություններ էին գրանցում: Եթե հիշում եք, հայկական կողմը որոշակի հաջողություն գրանցեց քառօրյա պատերազմից հետո, երբ կարողացավ մտցնել հետաքննության մեխանիզմների կետը, որի մասին այլևս չի խոսվում: ՄԽ-ն խոսում էր երեք հիմնական սկզբունքների մասին՝ ազգերի ինքնորոշում, սահմանների անխախտելիության իրավունք և ուժի սպառնալիքի չկիրառում, այս մասին հիմա ևս չի խոսվում: Երբ մենք ունենում ենք որոշակի ձեռքբերումներ, որոնք չեն նշվում, սա մտահոգիչ է»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց նա՝ հավելելով, որ մտահոգության տեղիք են տալիս նաև Ալիև-Փաշինյան հանդիպումներից հետո հնչող գնահատականները և հայտարարությունները, մասնավորապես, թե չեն քննարկել ԼՂ-ի հարցը, և  հասկանալի չէ, թե այսօր ինչ ֆորմատով են կողմերը բանակցում և ինչի շուրջ:

«Վերջապես ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ մնում են այդ մոնիտորինգի, հետաքննության շրջանակներում, բայց սա` ճնշման գործադրումից հետո, և այն էլ՝ ներքին լսարանի համար: Նույնը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանի` երեկ արած հայտարարությանը, որ չի կարող քննարկվել «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը»,- շարունակեց Ենոքյանը:

Նա տարօրինակ է համարում, որ ադրբեջանական կողմում չկան անհանգստություններ: «Սա խոսում է երկու բանի մասին. առաջին՝ ադրբեջանական կողմը որոշակի բացատրություններ տալիս է, երկրորդ՝ Ադրբեջանում լրատվամիջոցները կառավարելի են, և տրված բացատրությունները ներկայացվում են որպես պրոադրբեջանական: Իսկ Հայաստանում ունենք հարցադրումներ հնչեցնելու ազատություն: Եվ այն, որ ադրբեջանական մամուլը տագնապ չի հնչեցնում, Ալիևին բավարարում է: Բացի այս` Ադրբեջանը հայտարարում է, թե ինչին է գնում: Հայաստանում հայտարարությունները կցկտուր են, որոնք չեն բավարարում, կրկնում եմ՝ բացի վերը նշված հայտարարություններից, որոնք համարում եմ լրատվամիջոցների և հանրային կարծիքի ճնշման տակ և ներքին լսարանի համար արված: Ինձ համար արժեքավոր կլիներ, եթե դրանք ասվեին ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից»,-ընդգծեց Աղասի Ենոքյանը:

Նա համակարծիք չէ, թե Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում վարում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: «Չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև էականորեն տարբեր իրավիճակներ են Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի ժամանակ, գուցե որոշակի նմանություն կա` փուլային տարբերակի հետ կապված, որը կրկին մտել է շրջանառության մեջ, բայց այն ժամանակ խոսակցությունը կարգավիճակի մասին էր, որն այսօր ինչ-որ տեղ կորել է: Ինչո՞ւ ենք պնդում կարգավիճակի հարցը, ի՞նչ է դա նշանակում, ո՞ւմ է պետք: Ասեմ՝ կարգավիճակն ունի իր առավելությունը, եթե դու միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ ես, քո անվտանգությունն ապահովում է ամբողջ միջազգային համայնքը: Եվ սա անվտանգության ամենաբարձր երաշխիքն է, գուցե ավելի բարձր, քան կանգնած զորքերը: Դրա համար խոսում ենք՝ եթե ինչ-որ զիջումների պիտի գնալ, ապա դրա դիմաց գոնե ստանանք ամենաբարձր անվտանգության երաշխիքները»,- շեշտեց Ենոքյանը:

Yerkir.am-ի հարցին՝ ո՞րն է Ձեզ համար փոխզիջումների ընդունելի սահմանը, կամ ընդունելի՞ են Մադրիդյան սկզբունքները, Ձեր խոսքից ենթադրելի է, որ կողմ եք հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, չե՞ք կարծում, որ սա շատ ավելի վտանգավոր է, գոնե տարբեր երկրների օրինակով տեսել ենք սրա վտանգավորությունը, Աղասի Ենոքյանն արձագանքեց. «Հարցը տեղին չէ, քանի որ որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացնում»:

Մեր լրագրողի պնդմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ հանդիպումները, հայտարարությունները կամ լռությունը վտանգավոր են, առավել վտանգավոր է խաղաղապահների տեղակայման մասով նրա տեսակետը, և որպես քաղաքագետ կարող է պատասխանել, Ենոքյանն արձագանքեց. «Իմ կարծիքով` ամենակարևոր հարցը անվտանգության հստակ երաշխիքներ ստեղծելն է, և եթե այդ հստակ երաշխիքները հնարավոր է ստեղծել այդ խաղաղապահ ուժերով, կարգավիճակի համադրումով, ռազմաճակատի գծի որոշակի... Այս ամենը պետք է բերվի նրան, որ եթե ինչ-ինչ զիջում էլ լինի, զիջման դիմաց լինի ձեռքբերում: Կան դեպքեր, երբ խաղաղապահ ուժերը շատ էֆեկտիվ են աշխատել, կան դեպքեր, երբ դրանք դարձել են անգամ կոնֆլիկտի երրորդ կողմ: Սա նշանակում է, որ միկրոսկոպով պետք է մոտենալ հարցին՝ խաղաղապահ ուժերն ինչպե՞ս են համադրելու իրենց գործողությունները մնացած գործոնների, մեր սահմանապահների հետ, կարգավիճակի հարցի: Այս բոլորը միասին պետք է մանրամասն դիտարկել»:

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձին, Ենոքյանը նշեց, որ իշխանությունների կողմից չի տեսել դրան ուղղված քայլ: «Այդ քայլն ինքնին բանակցության առարկա է: Ես չեմ տեսել, որ այդ հարցը մտցվի ՄԽ-ի բանակցությունների, թեկուզ՝ Փաշինյան-Ալիև ուղիղ բանակցությունների օրակարգ: Ադրբեջանին ձեռնտու չէ Արցախի մասնակցությունը, ուստի կոշտ դիրք կբռնեն: Ես չեմ կարծում նաև, որ Արցախի մասնակցության քայլին համանախագահները տեր կկանգնեն, քանի որ այսօր ունենք քիչ թե շատ հաստատված ֆորմատ, որտեղ եթե Արցախը մտնի, ապա համանախագահները լուրջ խնդիրներ կունենան: Սա մնում է կա'մ բարի ցանկությունների արտահայտություն, կա'մ խնդրի հետաձգման փորձ»,- ասաց նա: