կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 15:07
Քաղաքական

Ադրբեջանին ոչ այնքան Արցախն է պետք, որքան սառեցված հակամարտության գաղափարը. Լապշին

Ադրբեջանին ոչ այնքան Արցախն է պետք, որքան սառեցված հակամարտության գաղափարը. Լապշին

Տեղեկացրել ենք, որ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է և այսօր հանդիպեց լրագրողների հետ:

Նա նշեց, որ լավ կլիներ` Ադրբեջանում իր հետ տեղի ունեցածն ընդհանրապես չլիներ, սակայն, այնուամենայնիվ, ինքը փորձում է դրական կողմից նայել դեպքերին: Լապշինի խոսքով` Ադրբեջանում իր ձերբակալությունից հետո մի շարք նոր ընկերներ է ձեռք բերել, բացի այդ` տեղի ունեցածը հնարավոր է կարիերայում նոր հնարավորությունների առիթ դառնա: «Միևնույն ժամանակ, ես իմացա, որ նրանք վտանգավոր են, ոչ ադեկվատ: Ադրբեջանն ասես Սովետական միությունը լինի` վերակառուցումից առաջ: Ավելին` Ադրբեջանին հաջողվեց գնել բլոգերներից մի քանիսին` 15-20 000 դոլար էին վճարում իմ դեմ մի հոդված գրելու համար, սակայն, բնականաբար, կան բլոգերներ, որ գիտակցում են` լավ չի լինի, եթե Ադրբեջանն ազդի իրենց կարծիքի վրա: Ադրբեջանում ինձ Հեյդար Ալիևի մակարդակին են բարձրացրել, այնքան են խոսում իմ մասին»,- ասաց բլոգերը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ապա, Լապշինի խոսքով,  Ադրբեջանին թշնամու կերպար է պետք, որպեսզի հասարակությանը շեղի ներքին խնդիրներից: Բլոգերի հավաստմամբ` Ադրբեջանին ոչ այնքան Արցախն է պետք, որքան սառեցված հակամարտության գաղափարը:

Խոսելով Ադրբեջանում ներկայիս իրավիճակի և ժողովրդի դժգոհության մասին` Լապշինը նշեց, որ ժողովուրդը հոգնել է Ալիև-Փաշաևներից: Ըստ նրա` հաշվի առնելով Ադրբեջանի նավթային պաշարները, տեղի բնակիչներն ավելի վատ են ապրում, քան Հայաստանում: «Սակայն պետք չէ թերագնահատել Ադրբեջանի հասարակությանը, որը թեև ապրում է բռնապետության մեջ, սակայն կան բավական կիրթ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ երկրում: Նրանք տեսել են, թե ինչ է կատարվել ապրիլին Հայաստանում, և ուզում են, որ նույնը տեղի ունենա իրենց մոտ: Ադրբեջանում այժմ հակասական իրավիճակ է ստեղծվել. առաջիկա տարիներին այնտեղ, կարծում եմ, ինչ-որ բան տեղի կունենա, սակայն հարց է` արդյո՞ք դա Հայաստանի շահերից կբխի: Ինչպիսին էլ լինի Ալիևը, նա առաջին հերթին կանխատեսելի է և ոչ վտանգավոր Հայաստանի համար: Նա կարող է վտանգավոր լինել ինձ համար, իսկ Ռուսաստանի համար նա կարող է «հարմար» լինել»,- ասաց Լապշինը:

Բլոգերի խոսքով`  ադրբեջանական հասարակությունը պատրաստ է խաղաղության, սակայն ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ չէ դրան, քանի որ բոլորն էլ հասկանում են` Հայաստանի հետ խաղաղությունն Ալիևի անկմանը կբերի: Այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, փորձում են հակամարտությունը պահել սառեցված վիճակում, քանի որ իրենց պետք է երկու բան` թշնամու կերպար և իշխանության պահպանում, այլ ոչ թե խաղաղություն:

Խոսելով Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացրած իր հայցի մասին` Լապշինը նշեց, որ, բարեբախտաբար, Եվրադատարանը կքննի իր դիմումը: «Սա ինձ համար շատ կարևոր է, քանի  որ Ադրբեջանը ճնշումների, կոռուպցիայի միջոցով փորձում  էր այնպես անել, որ դատարանը բողոքս չընդունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Լապշինը նշել էր նաև, որ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի իրեն թույլ տան այցելել սահմանամերձ համայնքներ` տեղի բնակիչների կյանքին ծանոթանալու: