կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-19 20:33
Հասարակություն

Ովքեր են պահում Սասունի Գոմոց վանքը

Ովքեր են պահում Սասունի Գոմոց վանքը

«Ձուլուածների ձուլուածները 2»

Սոֆիա Յակոբեան

Սասունի քարքարոտ ճանապարհներին պատմութիւնները, դէմքերն ու դէպքերն անթիւ, անհամար են: Այնպէս որ երբեմն վախենում եմ, որ մէկ կեանքը չի բաւականացնի ամէնը բացայայտելու, գրելու ու փոխանցելու:
Սասունը սովորեցնում է շատ համբերել, կեանքում ոչնչից չզարմանալ, երբեք չասել «երբեք» ու փորձել սիրել բոլորին

Ի հարկէ՝ դժուար է սիրել բոլորին, երբ Սասուն ամէն այցի ժամանակ նորից ու նորից գալիս ես յատկապէս Գոմոց վանք: Դրա աւերակները, որոնք հզօր են անգամ այծերի թրիքների, գանձագողերի փորած փոսերի ու լուռ միայնութեան մէջ, աշխարհի կենտրոնն են, որովհետեւ այստեղից են պարզ երեւում Սասուն աշխարհի բոլոր գետերը, գագաթներն ու գիւղերը:

Եւ հենց այստեղ՝ աշխարհի կենտրոնում ուզում ես գլուխդ ափերիդ մէջ առնել, 103 տարուայ փոխարէն լիաթոք արտասուել ու ցաւել, որ այսքան կատաղած ես ու բոլորին սիրել չես կարող: Այդպիսի ճակատագիր հասաւ մեզ, որ բոլորին սիրել չենք կարող:

Գոմոց վանքի բարձունքից ներքեւ բնակւում են արաբերէն խօսող քրտական ցեղեր, որոնք Գոմք են տեղափոխուել հենց ցեղասպանութեան ժամանակ, աւելի ճիշդ՝ ցեղասպանութեան շնորհիւ:

«Ես ուրանց ըսի, ըսի որ ինչ էնիք չենիք ձըզի հալալ չի, ինչ էնիք չենիք ձըզի խեր չկանայ, իդա թաւապան մերունն ա, իդա հուղ մերունն ա, խեր թամամ մըզի ա, չունքի հուղ մերունն ա» (Ես ասացի նրանց, ասացի, որ ինչ էլ անէք, չանէք` ձեզ արժանի չի դառնայ, ինչ էլ անէք` ձեզ բարիք չի բերի, այդ տունը մերն է, այդ հողը մերն է, բարիքն ամբողջովին մերն է, որովհետեւ հողը մերն է), գոմքցի քրտերին յիշատակելիս ամէն անգամ ասում էր Նուրի պապիկը, որի նախապապը Գոմոց վանքի հոգեւորականներից էր, իսկ որբացած պապը հրաշքով փրկուել հասել էր Մարաթուկի փէշեր՝ Սասունի միւս ծայր, ուր մահմետականանալով ապրում են մինչ օրս ու Սասունի որ կողմ էլ գնան՝ գտնում Գոմքի կէտն ու հեռուից ցոյց տալիս.

«Իսա մըր գիղն ա, ըմ բաբոյի գիղ: Քրտերու ձեռուին ա, ուրանց ձեռուին ա» (Սա մեր գիւղն է, իմ պապի հօրական գիւղը: Քրտերի ձեռքին է, նրանց ձեռքին է):

Իսկ մի փոքր աւելի ներքեւ Պըտրի կոչուող արաբական աշիրէթն է, որոնք այստեղ ընդդիմադիր քիւրտ զինեալների ամենամեծ խնդիրն են հանդիսանում:

Սասունի լեռներում խոյերի պէս անկաշկանդ ու ազատ շրջող արաբախօս Պըտրիները բազմաքանակ, իշխանամէտ ու ոչ թէ կրօնապաշտ, այլ կրօնամոլ են:
Ամէն իրեն յարգող «Պըտրի» անպայման փոքր ժամանակ այցելած կը լինի Ղուրանի ընթերցման դասերի, իսկ այս աշիրէթից դուրս եկած իմամներն ու մոլլաները յայտնի են ամբողջ Սասունում:

Յիշում եմ, երբ մի քանի տարի առաջ հերթական անգամ Գոմոց վանք բարձրանալուց յետոյ չափազանց յոգնած ու ծարաւ իջայ մօտակայ գիւղն ու պատահականութեան սկզբունքով թակեցի թուրքական դրօշակներով պատուած իրարից չտարբերուող հողէ տնակներից մէկի դուռը՝ ջուր խնդրելուց ու խմելուց յետոյ տան կնոջը ինքնաբերաբար չգիտես ինչու թուրքերէն ասացի «Սաղ օլ, յենգէ» (Ապրես, հա՛րս), ինչպէս որ կ’ասէին այստեղ իրար արիւնակիցները: Ինքն էլ դէմ չէր. «Անոյշ լինի, ձա՛գս»:

Horizon Weekly Newspaper

Այդ օրը միայն ծիծաղալով լեզու ցոյց տուեցի մեր քիւրտ ուղեկցորդին, որը վայրկեաններ առաջ բարկացած միայն ասում էր՝ «Ա՛յ մարդ, արի, սրանք մարդուն ջուր տուող չեն, վայրենիները»:

«Տեսա՞ր: Բա հօ քեզ չէին տալու, ինձ ջուր էլ կը տան, թան էլ կը տան, դու ճամբադ նայիր» – կէս կատակ կէս լուրջ պիտի շարունակէի հեգնել քիւրտ Եալչընին:
Պըտրիների տան դուռն էլ այդ օրուանից ի վեր երկար ժամանակ չթակեցի:
Գուցէ կիսալուսին-աստղով կարմիր դրօշակնե՞րն ու դրա հետ մէկտեղ տեղացիների կոտրուած ու անվստահ թուրքերէնն էին ենթագիտակցօրէն յուշում, թէ՝ «Խորը թեմայ է, մի ուրիշ անգամ»:

Իսկ այդ «ուրիշ անգամները» միշտ գալիս են անսպասելի, առանց հարցնելու, առանց թակելու: Այնպէս որ թէեւ ես չթակեցի պըտրիների դուռը, բայց որքան էլ զարմանաք՝ նրանք եկան մեր դուռը: Աւելի ճիշդ՝ Սասունի Գոմոց վանքի վաղուց գոյութիւն չունեցող դուռը: Ինչպէ՞ս կարելի է մտնել աւերուած վանքի գոյութիւն չունեցող դուռը: Ասեմ…

Այդ օրը՝ 2018-ի օգոստոսեան սաստիկ շոգ մի երեկոյ ինձ անծանօթ գիւղացին մեր ետեւից արագ հասել էր Գոմոց վանքի բարձունքի գագաթ, երբ ահազանգ էր ստացել ներքեւից դէպի վանք շարժուող օտարականների մասին: Անծանօթին, ով հասել էր վանք, երբ մենք արդէն աւարտում էինք մոմավառութիւնը ու որի բարեւին չպատասխանեցի, նախ գանձագող կարծեցի:

Մտքումս միայն ասում էի, թէ՝ «Ինձ զսպեմ, այստեղ վէճի չբռնուեմ հետը»: Ընկերներիս հայերէնով ասացի, որ գնալու ժամանակն է, այլապէս մինչեւ մութն ընկնելը չենք հասցնի ներքեւ իջնել: Անծանօթը արհամարհանքս կուլ տուեց, մօտեցաւ, ձեռքով բարեւեց բոլորիս:

«Որտեղացի՞ են», հարցրեց գլխով ցոյց տալով հայաստանցի ընկերներիս:

«Հայկական վանք էլ ո՞վ պիտի գայ», նոյնքան արհամարհանքով պատասխանեցի ու շրջուեցի, որ դուրս գամ. չէի ուզում, որ օտարը կարմրած աչքերս տեսնի ու կասկածի, թէ հայն այստեղ մէկ դար անց գլաիս, արտասւում է:
«Որ դուրս գանք՝ էս մոմերը չյանգցնես», քիթս քաշելով մէկ անգամ էլ դիմեցի անծանօթին, երբ փորձում էի խոնարհուած վանքի՝ արդէն հողի մէջ խրուած պատուհանից դուրս գալ:

«Ինչի՞ պիտի յանգցնեմ», շատ հանգիստ ու թեթեւ ժպտալով արձագանգեց նա ու յաւելեց. «Այդ յանգցնողները մարդկութեան հետ ոչ մի կապ չունեն»: Վերջինը երեւի ասաց, որ ցոյց տայ, թէ նեղացած չէ մեր կոպտութիւնից, քանի որ ինքը լաւ գիտի իր ծննդավայրի «մարդկայիններին ու անմարդկայիններին»:

Պարզուեց, որ Էմրան զինուած պահակախմբի անդամ է, վանքի բարձունքի ներքեւի Բվանք գիւղից է: Մեր բարձրանալու պահին Ժանտարմերիան ներքեւից նկատել ու ահազանգ է տուել, թէ անծանօթներ կան տարածքում, ինքն էլ արագ հասել է մեր ետեւից՝ տեսնելու հօ գանձագողեր չե՞նք:

«Էս վանքի գերեզմանատունը քանդած-փորած գանձագողերին ես եմ դատի տուել», ճանապարհին իջնելիս մի պահ ուղեղս շանթահարեց մեր նոր ուղեկիցը: Յետոյ մի քիչ գանգատուեց. «Ուզում եմ ճանապարհ սարքեմ դէպի վանք, մարզպետարանը չթողեց»:

«Ինչո՞ւ». սա այն դէպքն է, երբ հարցիդ անիմաստութիւնը լաւ ես գիտակցում, բայց անհրաժեշտ ես համարում, ամէն դէպքում, հարցնելու՝ ակնկալուող պատասխանով միաժամանակ դիմացինին «Տեսէք, թէ ինչքան վատն էք» ասելու համար:

«Չգիտեմ, չեն թողնում»:

Սրա փոխարէն կարող էր ասէր. «Սրանք մարդ չեն դառնայ», իրականում նոյնը կը լինէր, որովհետեւ ձայնի թոնը դա էր մատնում, ու ես հենց էդպէս հասկացայ ասածը: Բայց այստեղ առաւել էական էր, որ Էմրան չցանկացաւ բողոքել ոչ թէ իր՝ զինուած պահակախմբի անդամ լինելու համար կամ վախից ելնելով, այլ որովհետեւ շատ էր համեստ:

«Որ զանգեմ մերոնց ասեմ թէյ դնեն՝ կը գա՞ք մեր տուն»:

«Կը գանք», բոլորիս փոխարէն իրաւունք վերապահեցի պատասխանել ես:

Էմրայի գիւղը՝ Բվանքը մի փոքր ներքեւ է Գոմքից:

Առաջին բանը, որ տների բակեր մտնելուն պէս գրաւում է անծանօթի ուշադրութիւնը՝ այստեղ ապրող Պըտրի աշիրէթի աղջիկներն են, որ հիւր տեսնելիս ժպտալով ընդառաջ են գալիս ու գրկում այնպէս, կարծես հազար տարուայ բարեկամ ես:

Չափազանց գեղեցիկ, կաթի պէս սպիտակ մաշկով, ժպտերես ու թուրքական կիսալուսնի նշանով վզնոցները հպարտօրէն կախած, ճարպկօրէն հիւրի առաջ փռած սեղանին շարում են այծի ու կովի պանիրները, տեղական կանաչ քաղցրահամ լոլիկը, չրերն ու ընկոյզները, տանձի մուրապան ու թարմ թուզը, մեղրը, կարագն ու փռփռած թանը:

Պըտրիների աղջիկները զարմանալիօրէն համեմատաբար ազատ են շատ գիւղերի բնակչուհիներից. համեմատաբար ազատն այստեղ այն է, որ կանայք ու աղջիկներին ցանկութեան դէպքում չեն արգելում ուսում ստանալ, հիւրերի ներկայութեամբ նրանք ազատ շրջում ու շփւում են, ծածկում միայն մազերը՝ բաց թողնելով վիզն ու ուսերը:

«Չէ չէ, մեր աշիրէթում աղջիկներին միւսների պէս չեն ճնշում: Ով ինչպէս որոշել է՝ էդպէս է անում, ո՞վ պիտի խառնուի», ոգեւորուած ու հպարտութեամբ պնդում է 18-ամեայ Ալէյնան, որը 34-ամեայ Էմրայի առաջին երեխան է:
Սա արդէն Սեպտեմբերի վերջին էր, երբ ընդամէնը մէկուկէս ամիս անց Երեւանից կրկին վերադարձայ հենց այս ընտանիքի տուն ու ինքս թակեցի Պըտրիների դուռը:

«Այո, 4-րդ դասարանում եմ ամուսնացել, յետոյ ամօթից 5-րդ դասարան էլ չգնացի», երեկոյեան ընթրիքի սեղանի շուրջ ծիծաղելով պատմում էր Էմրան, ով արդէն հասցրել է 6 երեխայ ունենալ, սակայն հայրը դժգոհ է. 6-ն ի՛նչ է որ, ինքը 12-ն է ունեցել:

«Էս հարսիս ասում եմ, որ եթէ 6 երեխայից աւելի չունենայ՝ գնալու եմ տղայիս համար երկրորդ կին բերեմ, թող չնեղանայ», ծիծաղելով պատմում է տան հայրը՝ Սալիհը, ում ծիծաղին աջակցող քրքջոցով, մի քիչ էլ ամաչելով միանում են դուստրերը, հարսն ու կինը:

«Հօրեղբա՛յր, բայց ինչի՞ համար, ի՞նչ իմաստ ունի», շատ միամտօրէն հարցնում ենք մենք՝ մեր կեանքի վերջին առնուազն 7-8 տարին մեծ քաղաքների մեծ համալսարանների մեծ գրադարաններում անցկացրած ես ու թուրք Այշէն, որ մեզ Ամսթերտամից է միացել:

«Ինչպէ՞ս թէ: Երեխան լաւ բան է, ինչքան շատ՝ այնքան լաւ: Յետոյ վաղը կռիւ լինի, մեր աշիրէթին մի բան ասող լինի, գան, բախուեն, խառնուեն, բա մենք շատ չլինե՞նք, որ կարողանանք դիմագրաւել», նորից ժպտում է Սալիհ պապիկը:
«Բա հիմա քո աղջկան ամուսնացնես, փեսադ վաղը գնայ ուրիշ կին բերի, դուրդ կը գա՞յ: Բա կանանց իրաւունքնե՞րը», շարունակում ենք կռիւ տալ մենք՝ այս անգամ ի պատասխան միայն անխօս ժպիտ ստանալով: Ուշ գլխի ընկանք, մարդը «կանանց իրաւունքներ» բառը առաջին անգամ էր լսում:

«Հօրս վերեւի գիւղի ժողովուրդը շատ է փորձում ճնշել, թէ հայերի հետ բարեկամութիւն ես անում, նրանց քո տանը տեղ տալիս: Բայց չեն կարող ոչինչ անել: Իրենք ո՞վ են, որ խառնուեն: Ալհամտուլիլլահ, մահմետական ենք, բայց Ղուրանում էլ է գրուած, որ քո տուն եկող հիւրին իրաւունք չունես դատելու», գիշերը քնելուց առաջ քչփչալով պատմում է Սալիհի կրտսեր աղջիկը՝ 19-ամեայ Զեհրան:

Յետոյ յանկարծ ցատկում պահարանի կողմ, դուրս բերում հսկայ ճամպրուկն ու մէջից հանում ձեռագործ նախշերով զարդարուած գլխաշորերի մի ամբողջ հաւաքածու, որ ինքն անձամբ է պատրաստել:

«Երբեմն մէկը շաբաթներ, անգամ ամիսներ է տեւում: Ծայրի ծաղիկները, քարերը ամբողջը ձեռքով ենք անում Ալէյնայի հետ: Դու ո՞րն ես ուզում, սիրտդ որին կպնի՝ ընտրի, եկեղեցում կը կրես», ժպտալով բամպակեայ «եազմա»ներն է հրամցնում Զեհրան, որի կեանքի երազանքն իրականում գլխաշոր ասեղնագործելը չէր՝ բժիշկ դառնալն էր:

«Քրոջս՝ Սոնկիւլի աւարտական երեկոյի նկարները տեսա՞ր Intstagram-ում, Օրդուի համալսարանը գերազանց աւարտեց, միւս ամիս հարսանիքն է»:

Գրագիտութեամբ, ի հարկէ, Պըտրիները չեն փայլում, ինչպէս եւ Սասունի բնակչութեան 99 տոկոսը եւ այլ քաղաքներ մեկնած ու բարձրագոյն կրթութիւն ստացած երիտասարդները որպէս բացառիկ օրինակ համարւում են ընտանիքի մեծագոյն ձեռքբերում, որին Սասունում «մատով են ցոյց տալիս»:

Հենց կրթութեան բացակայութիւնն է, որ պըտրիների մեծ մասին կապել է ժամանակակից Սասունում եկամտի ամենատարածուած աղբիւրին, այն է՝ քիւրտ զինեալների դէմ տեղի գիւղացիներից կազմուած զինուած պահակախմբերի համալրումը յստակ աշխատավարձի դիմաց: Պահակախմբերին անդամագրուելը, մեղուապահութիւնն ու անասնապահութիւնը կազմում են Պըտրիների ապրուստի հիմնական եկամուտը: Տեղի ծանր պայմանները, սակայն, շատերին են ստիպել լքել գիւղերը եւ տեղափոխուել մեծ քաղաքներ, հիմնականում՝ Սթանպուլ: Այնուամենայնիւ՝ միայն Սասունի տարածքում Պըտրիների քանակն այսօր, ըստ ցեղի մեծերի, անցնում է 6000-ը:

«Մեր ցեղի աղան հիմա իջել է կենտրոն՝ Խաբլջոզ: Դէ, ինչպէս բացատրեմ, աղջիկս, մեր մեծն է, ինչ ասի՝ կ’անենք», առաւօտեան նախաճաշի սեղանի շուրջ մեծ հպարտութեամբ ուրախ-ուրախ պատմում է Սալիհ պապիկն ու յաւելում՝ «Պըտրօն իր ամենամեծ պապն է եղել, 6 կին է ունեցել, որոնցից մէկը՝ հայ քրիստոնեայ: Իր ամենա-ամենամեծ պապերն էլ հայ էին… Սպասիր յիշեմ ինչպէս էր ճիշդ անունը… Պետրո, Պետրոս, հա՛, հա՛, Պետրոս»:

Ու սկսուեց… Ու նորից երկրագունդը մի պահ կանգ առաւ: Այդպէս է պատահում Էրկրում յաճախ, երբ հերթական անգամ յանկարծակի շոքի ես ենթարկւում ու մի քանի վայրկեան պաղ քրտինք է պատում քեզ: Դա այստեղ կարող է լինել ամէն վայրկեան: Թւում է՝ երկրագունդը իսկապէս կանգ է առել, բայց յետոյ էլի կեանքը շարունակւում է, երկրագունդը՝ նորից ամբողջ թափով պտտւում:
… «Ի՞նչ», խեղդուելով փորձում եմ կոկորդիս մնացած ընկոյզը կուլ տալ ես:

Ընկոյզը ոչինչ, բայց Սալիհ պապիկի ասածները «կուլ տալ» կը յաջողուի՞:

Ո՛չ, նման բաները կուլ չեն գնում: Կոկորդիս մնացին «Պետոները»: Ես ոչինչ: Էականն այն է, որ ամբողջ Սասունի, ամբողջ Թուրքիայի «կոկորդին են մնացել» բոլոր «Պըտրի» դարձած «Պետոները», «Ապտուլլահ» կամ «Մեհմէտ» դարձած «Զաքարներն» ու «Յակոբները»:

Անցեալ տարի «Հորիզոն»ի համար գրում էի «Ձուլուածների ձուլուածները կամ ովքեր են պահում Մարաթուկի վանքը» յօդուածն ու պատմում դեռեւս ցեղասպանութիւնից տասնամեակներ առաջ իսլամացուած Շեկօ ցեղի մասին, որոնք ոմանց կարծիքով հայկական ծագմամբ նոյն Մամըկաներն են, ըստ ոմանց էլ՝ հայերին պաստսպարած քրտեր, որոնց տիրոյթներն այսօր տարածուած են Սասունի Մարաթուկի փէշերից ընդհուպ մինչեւ Մուշ ու Պիթլիս: Հայ որբերին մեծապէս օգնած ու ներկայում յստակ իշխանամէտ, արաբախօս ու կրօնամոլ Շէկօների մասին գրուածքում մէկ բան էի յստակ շեշտել՝ հակասութիւնների ու ծայրայեղութիւնների երկիր Թուրքիայում ոչնչից չզարմանաք: Ոչնչից:

Բայց զարմանում եմ: Շարունակում եմ զարմանալ: Զարմանում եմ, որ Պըտրիները Պետրոսի թոռներն են, զարմանում եմ, որ չէի հարցրել այդ մասին, մոռանալով որ «չի կարող պատահել» բառը այս կողմերի համար չէ: Շատ եմ զարմանում, ինքս իմ վրայ եմ զարմանում: Ու զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ:

Զարմանում եմ, քանի որ «Մարաթուկի վանքը պահպանողների» մասին գրելիս համոզուած էի, որ Գոմոց վանքի մասին նոյն բանը գրելու բախտ չեմ ունենայ: Քանի որ Գոմոց վանքն իմ կարծիքով անտէր էր: Դրա համար էին աչքերս կարմրած:
Բայց արի ու տես՝ Սասունը երբեք չի դադարում զարմացնել ու պատմութիւններն իրօք աւարտ չունեն:

Երկու, երեք, չորս դար առաջ, թէ՞ աւելի վաղուց են իսլամացուել այսօր արդէն իրենց ծագման մասին շատ մշուշոտ պատկերացում ունեցող Պըտրիները՝ դա դեռ կը պարզենք: Միայն փաստենք, որ այս նիւթն աւարտելիս պէտք է ուղղակի կրկնուեմ՝ մէջբերելով Շէկօների մասին յօդուածի վերջնամասը եւ ընդունելով, որ մէկ տարի անց էլ յաւելելու իսկապէս ոչինչ չկայ բացի մէկ փաստարկից՝ Շէկօները միակը չեն:

«Այս ցեղի հակասական կերպարն ու պատմութեան էջերում ունեցած վայրիվերումները, բռնակալ դիրքն ու հայ որբերի հանդէպ ունեցած յատուկ վերաբերմունքը, կրօնամոլութիւնը, ազատութիւնը, տգիտութիւնն ու ճարպիկութիւնը, ժուժկալութիւնն ու մեծահոգութիւնը տալիս է ժամանակակից Սասունի, ու անգամ ամբողջ Թուրքիայի պատկերը, որտեղ ոչինչ եւ ոչ ոք միանշանակ չեն:

Ի վերջոյ` նրանք իրենց բազմաթիւ անպատասխան հարցերով եւ լաւ ու վատ բոլոր դրսեւորումներով միայն մէկն են հակասութիւնների ու անաւարտ պատմութիւնների երկիր Թուրքիայում»: