կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-11 16:20
Քաղաքական

Կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, երբ մեզ համեմատեն ԱԺ նոր մեծամասնության հետ. Արփինե Հովհաննիսյան

Կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, երբ մեզ համեմատեն ԱԺ նոր մեծամասնության հետ. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ: «Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ Դավիթ Հարությունյանի և իմ մի շարք այլ ընկերների հետ հիմնած իրավաբանական ըկերությունում: Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այդ գործունեությամբ երևի զբաղվեմ: Գումարած դրան` հանրային քաղաքականության ձևաչափի մեջ մնալու համար որոշ պրոյեկտներ կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ բացի, կարող եմ խոստանալ,  որ հանրային քաղաքականությունից չեմ խուսափելու»,- նշեց նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ է անելու, երբ արդեն չլինի պատգամավոր:

Հարցին` չի՞ արտագաղթելու, Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ: «Ես հուսով եմ` հայրենի իշխանությունը այնպիսի պայմաններ չի ստեղծի, երբ արտագաղթելն այլընտրանք չի ունենա, բայց նույնիսկ այդ դեպքում, ես չեմ պատրաստվում արտագաղթել: ՀՀ-ն իմ հայրենիքն է, և այստեղ շարունակելու եմ գործունեություն ծավալել: Որքան էլ պաթետիկ և հերոսական հնչի, պատասխանատվություն եմ զգում մի շարք զարգացումների համար, որոնց ՀՀ-ն պետք է առերեսվի: Ուստի այն գործուենության ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար, թույլ տալու են, որ ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնեմ և նրանց շահերը պաշտպանեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր խորհրդարանի գործունեությանը՝ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի պատգամավորները կգիտակցեն իրենց վրա դրված բեռն ու պատասխանատվությունը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն քննադատություններին, որ նոր ԱԺ-ի պատգամավորները անփորձ երիտասարդներ են, Հովհաննիսյանն արձագանքեց. «Երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերվել տարիքին կամ փորձառությանը, բայց առավել շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը և հարցին տիրապետելու կարողությունը»:

Դիտարկմանն էլ` նորընտիր «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները վիրավորվում են, երբ իրենց համեմատում են Հանրապետական մեծամասնության հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Փորձառության պակասից է, ոչինչ, կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, երբ մեզ համեմատեն նրանց հետ, եթե չասեմ` հիմա»: