| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր, լրագրողների հետ խոսելով Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագի մասին, նշեց, որ Պապը` որպես 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկների հովիվ, մեծագույն բարոյական աջակցություն ցուցաբերեց մեզ և խորին հարգանք ներշնչող արարք կատարեց:
«Այն, որ Թուրքիան Հռոմի պապին մեղադրում է կեղծարարության, ստի մեջ, սպառնում Սուրբ աթոռին, ուղղակի անհեթեթության հերթական դրսևորում է: Հուսանք, որ Թուրքիայի նման ոչ ադեկվատ պահվածքը կշարունակվի, ինչն էլ ավելի կբարկացնի միջազգային հանրությանը»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ պետք չէ մտածել՝ ապրիլի 25-ին արթնանալու ենք մեր բոլոր պահանջատիրական նկրտումները բավարարված:
Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ ամերիկյան պետդեպում լուրջ դեբատ կա. մի մասը կարծում է, որ Օբաման պետք է արտասանի «ցեղասպանություն» բառը, մյուս մասն էլ հակառակ կարծիքին է:
«Մենք, իհարկե, լավ ենք անում, որ նրանից պահանջում ենք՝ ասել «ցեղասպանություն» բառը, և հույս ունենք, որ այս տարի Օբաման կառաջնորդվի համամարդկային արժեքներով, այլ ոչ՝ նեղ ազգային շահերով: Սակայն, միաժամանակ, մենք պետք է նեղանանք ոչ թե Օբամայից կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից, ովքեր ապրիլի 24-ին չեն գալու Հայաստան, այլ, օրինակ, ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներից, օրինակ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից կամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից: Նրանց ղեկավարած երկրների հետ մենք գործընկերային հարաբերությունների մեջ ենք»,- ասաց Արզումանյանը: