Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս դասականների բանաստեղծություններ`Լիլիթ Գալստյանի թարգմանությամբ:
Գունատ շող
Օսիպ Մանդելշտամ
Գունատ լույսի շեղբը սառցե
Ցոլք է նետել թաց անտառում,
Թախիծն, ինչպես մի գորշ թռչուն`
Տանում եմ իմ տրտմած սրտում։
Վիրավոր այս թռչունին ես ի՞նչ անեմ․
Քար է կտրել, անէացել,
Իսկ գմբեթից մառախլապատ
Տեսնես զանգերն ո՞վ է հանել։
Ու կանգնած է աշտարակն այս
Որպես ճերմակ ու սին փարոս,
Որպես անտեր մի բարձրություն՝
Ուր մշուշ է ու լռություն։
Լուսաբացի մեղմ անհունում,
Երբ արթուն ես կամ երազում,
Մոռացումն է անհետ կորչում,
Իսկ մշուշում․․․ իսկ մշուշում
Խոհն է հնչու՜մ, հնչու՜մ․․․
1911
Խավար է առջևում
Վլադիմիր Վիսոցկի
Խավար է առջևում ՝ դու սպասիր.
Մայրամուտը՝ հրե վարագույր,
Անձրևը՝ հատու, քամին՝ դիմահար,
Ճամփեքը խոտոր, ճամփեքը՝ խոտոր։
Բառերը օտար են այնտեղ։
Մտքերը դիվոտ են այնտեղ։
Անհայտ են տերերը այնտեղ։
Խոտը չոր կիզված է այնտեղ։
Հետքն անհետ, անտես է այնտեղ։
Կռիվն է փրկությունը հոգու,
Մշուշն ու քամին՝ ահարկու,
Սիրտդ հևում է, խփում է հատու,
Զարկերն ուժգին են, տագնապը՝ մահու։
Բառերը օտար են այնտեղ։
Մտքերը դիվոտ են այնտեղ։
Անհայտ են տերերը այնտեղ։
Խոտը չոր, կիզված է այնտեղ։
Հետքն անհետ, անտես է այնտեղ։
Օտար են այնտեղ և գույն, և հնչյուն,
Ես այլևս ընտրել չեմ ուզում․
Մի՞թե պետք եմ ես այդ սև խավարում.
Սպասում և սպասում…
1969
Չար հանճար, կասկածների դժնի արքա
Նիկոլայ Գումիլյով
Կասկածների դժնի արքա, օ՜ չար հանճար,
Ահա կրկին այցի եկար,
Ու ես՝ իմ իսկ կրքից բեկված, անքուն, տրտում,
Խաղաղվեցի քո բաց գրկում։
Տառապանքով կամ հոգեմաշ կասկածներով հավերժ ապրել,
Տրված է սոսկ ուժեղներին,
Ապրել ատելությամբ, առանց սիրո, անարարում,
Ու քանց հակինթ շողարձակել։
Ես լսում եմ տքոցն իմ, բայց հառել եմ, վերընձյուղվել,
Օ՜ մարտնչող տականքություն, ես վաղուց եմ քեզ մոռացել,
Ճաշակելով մերժումը ձեր՝ ես կամ, արքան եմ ես արարումի՝
Դամբարանում մերժվածների։
1903