կարևոր
355 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-19 15:40
Հասարակություն

Իշխանությունը մեզ ու Եռաբլուրը արհամարում է, դրանով ապացուցում են, որ ազգին պիտանի մարդիկ չեն․ զոհվածի ծնող

Yerkir.am-ն այսօր ահազանգ էր ստացել, որ Մուրացանի փողոցի 110/1 հասցեում գտնվող շենքը հոսանքազրկվել է, և շենքում ապրող տասնյակ  ընտանիքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։  Նկարահանման ժամանակ պարզեցինք, ոչ հիշյալ շենքում ապրում են հիմնականում զոհված, վիրավոր, անհետ կորած զինծառայողների ընտանիքներ, նաև տվյալ շենքում է տեղակայված «Զինվորի մայր» ՀԿ-ն, որի նախագահը Մարգարիտա Խաչատրյանն է։

Հիշեցնենք, որ  կառավարությունը փետրվարի 13-ի նիստում  որոշում  է կայացրել օտարել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված հիշյալ շենք-շինությունը՝ հողամասով հանդերձ և հանել աճուրդի։  

Շենքը ՊՆ-ի այն 71 անվանում անշարժ գույքերից մեկն է, որոնք ենթակա են օտարման։ Այսինքն՝  ըստ կառավարության  որոշման շենքը պետք է հետ վերցվի Պաշտպանության նախարարությունից և ամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ իր հայեցողությամբ պետք է տնօրինի շենքի ճակատագիրը, այսինքն՝ հանի աճուրդի։

Մեր հետ զրույցում բնակիչները համոզմունք հայտնեցին, որ շենքը հոսանքազրկելը միտումնավոր քայլ է, որով ստիպում են բնակիչներին ազատել շենքը։  Նրանք նաև նշեցին, որ պետական կառույցներից որևէ մեկն իրենց հետ չի հանդիպել, չի լսել , և առանց բնակիչների հետ խոսելու և կարծիքը հաշվի առնելու, փաստացի, որոշել են հոսանքազրկել շենքն ու տասնյակ զոհվածների ու անհետ կորածների ընտանիքների թողնել դրսում։

Մանրամասն՝ տեսանյութում