Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Էվելինա Բաղդասարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որը հրապարակվել է «Առավոտ»-ում:
«Պարոն վարչապետ, ես որոշել էի բոլորովին այլ թեմայով խոսել Ձեզ հետ, բայց ստիպված եմ երգել նույն երգի մի այլ պատառիկ: Եվ հետո Սփյուռքի նախարարության լուծարման թեման գնալով դառնում է համահայկական քննարկման նյութ: Ես այս հրապարակմամբ նախ փորձեմ փրկել Ազգային ժողովի մի կարևոր հանձնաժողովի ապագա աշխատանքները ամբիցիայի հեղեղից ու անպտղությունից:
Հարգելի վարչապետ, հասկացա, որ իմ զրույցը տեղ չի հասել, հույս ունեի, որ լեզուներ սովորելու արանքում, կկարդայիք գոնե իմ վերջին հրապարակումը ու ծանոթանալով Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի հախուռն, անհասկանալի ու վտանգավոր հայեցակարգային մտածողությանը՝ կհրաժարվեիք օրենսդիր մարմնի այդպիսի բազմավեկտոր մշտական հանձնաժողովի ղեկավարումը հանձնել նրան:
Բայց ամենատարբեր մակարդակներով հայտարարվեց այդ, չափազանցություն չլինի ասել՝ բոթը: Ու ես հասկացա, որ Ձեր ներսում թեժ ներքին պայքար է ընթացել իր զավակին սիրող հոր, նրա հանդեպ պարտքի, երախտագիտության զգացումի ու հանձնաժողովին վայել նախագահ ընտրելու միջև:
Ի՜նչ ափսոս, պարոն վարչապետ. Եթե դուք հեղափոխությունը սկսելուց առաջ ինքներդ ժամանակ ունենայիք ու ուսումնասիրեիք բոլոր հեղափոխությունների պատմությունները, հաստատ ինքներդ էլ կընտրեիք Մահաթմա Գանդիի՝ հնդիկ մեծ փիլիսոփայի, պոետի ու բացառիկ մարտնչողի ուղին: Բայց ավա՜ղ, Գանդիի «Աղի» շարժման պայծառ գաղափարը վիկիպեդիայից սերտեց ու Ձեզ փոխանցեց, ինչպես ինքը կասեր՝ այս «կրեածիվ» ու հավակնոտ տեսլականներով ափեափ լցված երիտասարդը:
Ափսո՜ս, պարոն վարչապետ, դուք ստիպված չէիք լինի միայն արշավների բերկրանքն ապրած երիտասարդին վստահել Սփյուռքի նախարարությունը, ով մի քանի անգամ Արևմտյան Հայաստան արշավներ կազմակերպելը համարում է Սփյուռքի հետ աշխատանքի մեծ փորձ: Եվ այդ փորձը փոխանցելու ազնիվ մղումով ու ամենամեծ հայրենադարձությունը կազմակերպելու երանելի տեսլականով էլ եկավ Սփյուռքի նախարարություն: Փոփոխությունների սիրահար հանրությունն ու Սփյուռքը խորը շունչ քաշեցին: Անգամ իմ տարեց մայրը, որն օջախի միակ պահապանն է դարձել, ոգեշնչվեց հույսով, որ ջահել նախարարը տուն կվերադարձնի իր ցիրուցան, մոլորյալ զավակներին:
Հիմա բախտի այդ բացառիկ սիրեցյալը Ազգային ժողովի երդիկից ուղիղ իջնում ու նստում է ո՛չ ավել, ո՛չ պակաս, կրթության, մշակույթի ու Սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռին:
Արդյունքում ես պատկերացնում եմ, թե ինչպիսի օրենսդրական լուծումներ կստանան այս ոլորտներում առկա բազում խնդիրներ:
Ձեր խոցող հայացքից հասկացա, որ ծանր զրույց է, պարոն վարչապետ: Կարող եմ ընդհատել ու կենդանի անեկդոտներ պատմել: Դուք փայլուն հումորի զգացում ունեք, որը դրսևորվեց հեղափոխության ողջ ընթացքում: Իրավացի եք. աշխարհը փրկելու է հումորը, ինչպես կասեր օկուլտիստ փիլիսոփա Ռուդոլֆ Շթայները՝ ոչ թե գեղեցկությունը:
Ձեր թիմը մեծ խանդավառությամբ ուզում էր հրատարակել հեղափոխական հումորների ժողովածու: Լավ գաղափար էր. եթե դեռ չի արել այդ քայլը, կարող է ավելացնել Սփյուռքի նախարարի իրական անեկդոտները, իսկ եթե հրատարակել է, հոգ չէ, այն կարող է առանձին հատորով լույս տեսնել:
Եվ քանի որ ես խոստացել էի յոթ հոդված սփյուռքի նախարարի ու նախարարության թեմայով, և իմ դարդն ու ցավը այս ոլորտն է, այս անգամ պիտի ներկայացեմ «Էդ ո՞վ ա, էդ ի՞նչ ա» թեմայով նրա կենդանի ու իրական անեկդոտներից մի քանիսը, որոնց մի մասի ականատեսն ու ունկնդիրն եմ եղել, մյուս մասը լսել եմ իմ սփյուռքահայ բարեկամներից: Ուղղակի չգիտեմ, Դուք և ընթերցողը կծիծաղեք, թե լաց կլինեք, որ այս ընտրյալը հաջորդիվ ղեկավարելու է հայ ժողովրդի ամենասիրած ոլորտների խորհրդարանական հանձնաժողովը:
Թեև մի դրական բան կա նրա խորհրդարան հայտնվելու մեջ: Գալուստ Սահակյանի տեղը ոչ միայն թափուր չի մնա, այլ քաղաքական հումորի ժանրը մեծ զարգացում կապրի խորհրդարանում:
Նրա հենց առաջին հայտնությունը լրագրողների շքախմբով, ընկեր փանջունիական զվարճանք էր խոստանում, մամուլում տարածված ճաղավանդակներով սենյակի ու ջարդված սեղանի առասպելը վկա:
Բայց հետագա ընդամենը կես ամսվա մեր համատեղ աշխատանքը վկայեց, որ այդ երիտասարդը նախարարություն է եկել «Էդ ո՞վ ա, էդ ի՞նչ ա» հարցաշարի շատ ծանր բեռով: Բոլորս գիտենք, որ զավեշտալին ծնվում է ծայրահեղ աններդաշնակությունից: Օրինակ՝ եթե որևէ զբոսավար փորձի ղեկավարել մի երկնաքերի շինարարություն, շատ ծիծաղելի կլինի առաջին հայացքից և ողբերգական՝ դրա ապագա բնակիչների համար: Թեև այն կփլվի հենց առաջին հարկը բարձրացնելիս: Փլվեց, այդպես էլ եղավ: Իսկ եթե առանց լրագրողների, երկնաքերը կառուցելու գար մի էրուդիտ ու համեստ, տաղանդավոր ճարտարապետ ՝ հաստատ կստացվեր մոնումենտալ կառույց:
Զարմանալի է լրագրողական համայնքը, ջահել նախարարին չներեցին Օրուելի «Անասնաֆերման» չկարդալու համար, բայց այնքա՜ն գթասրտորեն ներեցին սփյուռքը չճանաչելն ու իր տեղը չգիտակցելը, արարողակարգային գիտելիքների իսպառ բացակայությունն ու նրա բոլոր ձախողումները: Թեև հասկանում եմ. նա սահմանափակ բառամթերքով մի ոտանավոր էր հորինել ու ամեն տեղ կրկնում էր նույնը: Ի՞նչ հարցնեին:
Հեռուստաէկրանից այնպիսի լրջությամբ են հաղորդում նրա հանձնաժողովի նախագահ դառնալու լուրը, որ ես թաշկինակ եմ փնտրում:
Ընդամենը մի քանի հումորային դրվագ, որպեսզի Ազգային ժողովում հասկանան, թե ինչպես դիմավորեն ԱՅԲ կրթահամալիրի խողովակից ուղիղ դեպի Կրթության, մշակույթի և Սփյուռքի հանձնաժողովի ծանրակշիռ աթոռը սլացող Մխիթար Հայրապետյանին:
Ցնցող տպավորություն թողեց նորաթուխ նախարարի առաջին ժողովն ամբողջ նախարարության հետ: Իններորդ հարկի մեծ դահլիճում բոլորն անհամբեր սպասում էին հեղափոխության գաղափարակիր ղեկավարին: Եկավ, ողջունեց, մի նախադասությամբ ներկայացրեց իր նոր մամլո քարտուղարին ու փոխնախարարին և բոլորի համար անսպասելի բացականչեց. «Էրեխեք շաբաթ օրը գնում ենք տժժալու»: Ժողովն ավարտվեց, ականջդ կանչի, Պարոնյան: Սա ուղղակի մեջբերում է, հարգելի վարչապետ: Այսպիսի խանդավառ նախարար մարդկությունը չի տեսել: Ու նրա գլխավոր առաքելությունը դարձավ աշխատակազմին արշավների տանելը: Համեմատեք՝ քանի արշավ է կազմակերպել և քանի ծրագիր:
Կարծում եմ՝ նա խորհրդարանում ևս կկիրառվի բնության գրկում արտագնա նիստերի մոտիվացնող պրակտիկան: Կարծում եք, որ դաժանորեն եմ վարվու՞մ, քինախնդրություն է այս ամենը, ամենևին: Համբերությամբ զինվեք և լսեք մինչև վերջ: Գուցե հետո Սփյուռքի նախարարն էլ ինձնից շնորհակալություն հայտնի, ինչպես ես եմ նրան հայտնում:
Երեկ իմ սիրելի սփյուռքահայ լրագրողներից մեկի հետ էի խոսում, զարմացած պատմեց, որ երբ ներկայացել էր նախարարին ու ասել՝ «Ես համշենահայ եմ», «էդ ի՞նչ ա» եղել էր պատասխանը, բայց դա դեռ ոչինչ, նա այդ հարցն էր տվել, երբ տեղեկացրել էին Թեքեյան մշակութային միության, ՀԲԸՄ ղեկավար Պերճ Սեդրակյանի ու ուրիշ նշանավոր անհատների մասին: Որքանով է նա տեղյակ նոր ոլորտներին, որոնց օրենսդրական խնդիրներով զբաղվելու է, ես գիտեմ: Հանրությունը գուցե պատկերացում կազմի՝ կարդալով իմ այս զրույցը երկրի վարչապետի հետ:
Ասում են, ԱՄՆ կատարած այցի ժամանակ էլ հարցրել է. «Ճի՞շտ է, որ Դաշնակցության ու ՀՅԴ-ի միջև տարաձայնություններ չկան»:
Մի անգամ նորանշանակ Սփյուռքի նախարարը հյուրընկալվել էր Արթուր Բախտամյանի «Կեսգիշերն անց» հաղորդմանը: Հարցին, թե ինչ երաժշտություն է սիրում, հպարտորեն պատասխանեց՝ ջազ: Հաջորդ օրը աշխատակիցներից մեկը առաջարկեց, որ նախարարը մասնակցի Տաթևիկ Հովհաննիսյանի համերգին, որպես Սփյուռքում փայլող պայծառ աստղի: «Էդ ո՞վ ա»,- հարցրեց ջազի սիրահար նախարարը:
Բայց ինձ համար ամենատիպականն ու զավեշտականը նախարարի՝ PR-ի որոնումն էր. Նա մտավ մեր վարչություն ու հարցրեց, թե ո՞վ է նախարարի PR-ի պատասխանատուն, ասացի, որ մեր վարչությունն է զբաղվել: «Ո՞ւր է»,- հարցրեց նորանշանակ նախարարն ու վարչության աշխատակիցների ապշած հայացքների ներքո իր ձեռքերով գրասեղանների թղթերի մեջ սկսեց որոնել PR-ը:
Ես վեց ամիս լուռումունջ հետևում էի նրա գործունեությանը և հույս էի տածում, որ կսովորի, դասեր կառնի: Բայց նրա գրած հայեցակարգը խորտակեց իմ վերջին հույսը և ստիպեց խոսել:
Ի դեպ, պարոն վարչապետ, 18 տարեկանն է շատ երիտասարդ, իսկ 28 տարեկանը՝ ամենածաղկուն, ամենահասուն, ամենապրոդուկտիվ տարիքն է: Տարիքը, ըստ էության կապ չունի:
Մի զավեշտական զուգադիպություն ևս. և՛ 2003 թ. և 2007 թ. գումարման Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եղել է Հրանուշ Հակոբյանը։ Մի՞թե այս երիտասարդը մանկությունից երազել է քայլել նրա ոտնահետքերով, փաստորեն երազանքները ձգողական ուժ ունեն:
Ամփոփելով այս ամենը, ուզում եմ Ձեզնից անձամբ լսել, որ այս երիտասարդն է ղեկավարելու վերը նշված հանձնաժողովը:
Պարոն վարչապետ, ինչո՞ւ, ինչո՞ւ մեր իշխանությունները այդպես էլ չընկալեցին ու չկիրառեցին առաջադեմ մարդկության կողմից սահմանած նոր կառավարությունների «100 օրվա լռություն» հասկացությունը: Այն է. նոր իշխանությունները երեք ամիս լուռումունջ պետք է տքնաջան աշխատեն, ճանաչեն իրենց վստահված ոլորտն ու նրա խնդիրները, խորամուխ լինեն, ուսումնասիրեն նախորդների փորձն ու իրականացրած աշխատանքները, ձախողումները, գտնեն ռացիոնալն ու օրինակելին ու պահպանեն, հետո՝ նոր միայն մշակեն ու ներկայացնեն նորը՝ երեք ամսում որոշակի արդյունքներ արձանագրելով: Ձեր առաջին փորձը ապացուցեց ճիշտ հակառակը: Ձեր կառավարության անդամների ամենասիրելի գործիքը հենց առաջին օրվանից միկրոֆոնն ու ֆեյսբուքն էին, հատկապես լայվի բաժինը:
Գուցե այս անգա՞մ կիրառեք լռության 100 օրը:
Կկարողանան լուռ մնալ նոր կառավարության անդամները, ինչպես կընթանան նշված հանձնաժողովի աշխատանքները, չեմ պատկերացնում, բայց Աստված պահպանի Հայաստանը, հայ ժողովրդին ու նրա բարձր մշակույթը»: