կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 15:50
Իրավական

Գյումրում ծեծելով սպանել են 57-ամյա կնոջ. աղջիկը դիմել է Գյումրու քաղաքապետին

Գյումրում ծեծելով սպանել են 57-ամյա կնոջ. աղջիկը դիմել է Գյումրու քաղաքապետին

Այսօր Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961-ին ծնված` Շիրակի մարզի բնակիչ: Նա հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում` որպես հավաքարար: «Շատ հանգիստ, դրական կերպար էր: Պարտաճանաչ կին էր, այսքան ժամանակ աշխատանքում որևէ թերացում չի ունեցել: Մենք էլ ապշած ենք, որևէ բան չգիտենք, բացի նրանից, որ կինն աշխատանքի գալիս է եղել, երբ մեկը հարձակվել է նրա վրա ու ծեծելով սպանել: Իսկ թե ո՞վ և ի՞նչ, չգիտենք»,- ասացին քաղաքապետարանից:

Ի դեպ, մեզ հայտնեցին նաև, որ կնոջ աղջիկը դիմել է Գյումրու քաղաքապետին` թաղման ծախսերը հոգալու խնդրանքով: Քաղաքապետարանից ասացին, որ, ճիշտ է, դեռևս արձագանք չկա, բայց վստահ են` պատասխանը դրական է լինելու: «Ջուլիետան ապրում էր աղջկա հետ, որը նույնպես մեզ մոտ է աշխատում` որպես հավաքարար: Աշխատում, ծայրը ծայրին հասցնելով, ապրում էին: Անապահով ընտանիք են»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցը:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում  57-ամյա  կնոջ մահվան դեպքի հանգամանքները: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն: