կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 18:30
Աշխարհ

Մեզ տնտեսական հեղափոխություն է պետք. Ծառուկյան

Մեզ տնտեսական հեղափոխություն է պետք. Ծառուկյան

Աբովյան քաղաքում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  քարոզարշավը, որին մասնակցում է  կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։ Ելույթի սկզբում նա հիշեցրել է՝ իր խոսքը գործ է, որ բոլոր ասածներն իրականություն է դարձրել:

«Այսօր հիմնական խնդիրը մեր երկրում սա է՝ պետք է լինի տնտեսական հեղափոխություն: Այսօր բոլորն էլ ուզում են աշխատել՝ 4-8 ժամվա փոխարեն 10 ժամ, որ արժանապատիվ տուն մտնել կարողանան, երեխայի, կնոջ  երեսին նայել, հոսանքի գումարը, երեխայի ուսման վարձը վճարել, ծնունդ և կնունք անեն: Մեկ անգամ են ծնվել, ուզում են կյանքի բարիքներից օգտվել»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ այլ երկրներում մեզանից վատ վիճակ է եղել, բայց համախմբվել են և դուրս եկել այդ իրավիճակից:

Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, իսկ մարդիկ  բանկից գումար են վերցնում կենցաղային հարցեր կարգավորելու կամ բուժման ծախսերը հոգալու:

«Ցանկացած գործարարի տարեկան շահույթը կարող է լինել 5-7 տոկոս, ուստի բանկի տոկոսը չի կարող 8-12 տոկոս լինել: Սա խնդիրներ է ստեղծում, դրա համար բանկի տոկոսը պիտի լինի 2-4»,- նշեց ԲՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ փոքր ու միջին բիզնեսին պետք է հարկերից ազատել, որ նրանք էլ կարողանան աշխատողների թիվն ավելացնել:

Անդրադառնալով տնտեսական աճի մասին իշխանության պնդումներին` Գագիկ Ծառուկյանը նշեց. «Տնտեսական աճը մարդը զգում է իր սառնարանը բացելուց: Այսօր բոլորը վրդովված են և հիասթափված»:

Ըստ նրա` օրենսդրական այնպիսի պայմաններ պիտի լինեն, որ դրսի ներդրողն ինքն ուզենա ՀՀ-ում ներդրում կատարել, ոչ թե նրան փորձենք խնդրելով բերել: