կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-14 18:55
Տնտեսական

Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում. Պարսյան

Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում. Պարսյան

Վարչապետի՝ գործարարներին ուղղված երեկվա կշտամբանքը ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի։ Կրկնակի զարմանալի է, որ իրենց լիբերալ կամ նեոլիբերալ հռչակող քաղաքական ուժերը, գործիչները և մասնագետները չփորձեցին պաշտպանել գործարարներին, երբ այդ նույն մարդիկ տարիներ շարունակ հայտարարում են՝ եկեք ամեն ինչ տանք մասնավորին, քանի որ նրանք առավել լավ են կառավարում։ Հիմա հարց է առաջանում, թե ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը։ Նման իրավիճակներում ևս մեկ անգամ երևում է մեր լիբերալների կեղծ և վախկոտ լինելը, և ըստ էության՝ 30 տարվա ընթացքում մեր երկրում վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության արդյունքում ձևավորվել, զարգացել և պահպանվում է մենաշնորհային տնտեսությունը, որը մշտապես ծառայել և ծառայում է գործող իշխանություններին։ Իսկ իշխանությունները գործնականում ձևացրել են, որ հետաքրքրված են փոքր և միջին բիզնեսի կայացմամբ և զարգացմամբ։ Հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես գործող իշխանությունը նախորդ տարիների արդյունքները վերագրեց իրեն, իսկ այս տարվա անկման (-4,7 տոկոս) և հարկերի թերահավաքագրման (-135 մլրդ ՀՀ դրամ) համար «մեղավոր» նշանակեց գործարարներին: Եվ առհասարակ ՀԴՄ (Cash register device) կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում։

Անդրադառնալով ՀԴՄ կտրոն չտրամադրելուն, հարկ է արձանագրել հետևյալը․

նախ, 2019 թվականի հունվար 1-ից բոլոր տնտեսվարողների, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների օգտագործումը։ Չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ը չուներ այդքան նոր սերնդի ՀԴՄ-ներ, 12000-ից ավել տնտեսվարողներից հավաքագրվեց 10000-ական դրամներ։ Միաժամանակ կառավարությունը որոշեց, որ ազատականացնում է դաշտը, և մասնավոր կազմակերպություններից ևս հնարավոր կլինի ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Եթե գործող բիզնեսները կարող էին, նախքան նոր սերնդի ՀԴՄ-ները ստանալը աշխատել հներով, ապա նոր բացվող բիզնեսները ստիպված էին աշխատել առանց ՀԴՄ, քանի որ հին ՀԴՄ-ները չէին կարող գրանցել, իսկ նորերն էլ շուկայում չկային կամ ուղղակի շատ թանկ էին։ ՀԴՄ կտրոններ պահանջելուց առաջ տնտեսվարողներին պետք է ապահովել ՀԴՄ սարքերով։ Արդյունքում՝ կառավարության շտապողականության և սխալ պլանավորման արդյունքում 2019 թվականի ընթացքում հազարավոր կազմակերպություններ գործունեություն ծավալեցին առանց ՀԴՄ-ների։ Տրամաբանական հարց է առաջանում, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս ամենի համար։ Ի դեպ, մինչև հիմա դեռ ամբողջությամբ չի լուծվել նոր սերնդի ՀԴՄ-ների մատակարարման և մատչելիության հարցերը։ Մասնավորապես՝ ներկայումս լավագույն դեպքում հնարավոր է 134․000 ՀՀ դրամով ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ, մինչդեռ 2016-2017 թվականներին կառավարության աջակցության շնորհիվ դրանց գինը 80․000 ՀՀ դրամ էր։

Իսկ ինչ վերաբերում է պոպուլիստական այն հայտարարություններին, որ ՀԴՄ չխփող գործարարները զինվորի հաց գողացողներն են, ապա հարցը արժե դիտարկել իրավական և բարոյական տեսանկյունից։

Իրավական տեսանկյունից․ անձը, կազմակերպությունը իր կատարած սխալի (զանցանքի) համար, օրենքով սահմանված կարգով, միայն մեկ պատիժ կարող է կրել։ Օրինակ՝ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտպագրելու համար 180․000 ՀՀ դրամ տուգանք է նախատեսված, և բացի այդ պատժից, ոչ ոք, այդ թվում՝ վարչապետը իրավունք չունի անվանարկել, պիտակավորել գործարարին և հանրայնացնել նրա սխալը, քանի որ դրա արդյունքում կարող է այդ բիզնեսը ուղղակի դադարել, մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը։

Բարոյական տեսանկյունից․ Այո, սխավել կարող են բոլորը, բայց միայն թույլերն են ընկածին խփում։ Մեր օրերում փոքր և միջին բիզնեսի համար 180․000 ՀՀ դրամի տուգանքը արդեն իսկ մեծ պատիժ է, իսկ գյուղի խանութի համար՝ փակվելու դատավճիռ։

Հատկանշական մի փաստ ևս․կորոնավիրուսի համավարակի սկբնական շրջանում հիվանդության խոշոր օջախ հայտնաբերվեց հանրության հայտնի օլիգարխներից մեկի տեքստիլ արտադրամասում, որի պատճառ էր հանդիսացել Իտալիայից ժամանած մասնագետը, սակայն նույն վարչապետը և մնացած պաշտոնատար անձինք չափազանց նրբանկատություն ցուցաբերեցին, և այդպես էլ չհանրայնացրեցին այդ օլիգարխի մասին տվյալները։ Մինչդեռ ակնհայտ է, որ նրա անփության արդյունքում էր նաև, որ վարակը լայն տարածում ունեցավ Հայաստանում։ Իսկ պետության ուշադրության կարիքն ունեն ոչ միայն օլիգարխները։

Բիզնեսով ցանկանում են զբաղվել շատերը, բայց քչերն են հաջողում։ Ցանկացած գործարար ռիսկի է դնում իր ունեցածը՝ իր անունը և գույքը, հետևաբար պետք է ողջունել և օգնել ստեղծարար ձեռներեցությունը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով թիրախավորել։

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ