կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 14:00
Քաղաքական

Սասուն Միքայելյանի ասածը քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Փաշինյանը՝ իշխանություն Արցախի փոխարեն. Շահնազարյան

Սասուն Միքայելյանի ասածը քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Փաշինյանը՝ իշխանություն Արցախի փոխարեն. Շահնազարյան

Համաներումն աննախադեպ ակտ էր, որի շրջանակում, ըստ էության, ականատեսը եղանք մի երևույթի, երբ պետությունն իր իրավունքները զիջեց մասնավոր անձանց. այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Երկու  տարի առաջ ոստիկանական գնդում տեղի ունեցավ  ահաբեկչական գործողություն, որը  պետության դեմ էր: Այսօրվա գործող վարչախմբի պարագլուխը հայտարարում է, թե ինքը պետությունն է, իսկ գործողությունները նախկինների նկատմամբ են եղել: Նա  ոչ միայն ներում է պետության դեմ արձակված կրակոցները, այլ նաև նշում, թե  արդարադատական որոշումը պիտի ընդունեն զոհվածների հարազատները:  Ինչքան թույլ պիտի լինի  պետությունը, որ մասնավոր անձին հանձնի այս իրավունքը: Այդ մարդկանց ազատելը լրջագույն  հարված էր իրավական ողջ համակարգին և արժանապատվությանը»,- շեշտեց նա:

Ըստ Շահնազարյանի՝ ոստիկանությունը երբեք այսքան թույլ և նվաստացած չի եղել, որքան այսօր: «Սրա մասին ոստիկանապետը պետք է մտածի և վերականգնի արժանապատվությունը»,- հավելեց նա:

Քաղաքական գործիչը նաև նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բանակը թիրախ է դարձրել և նպատակ ունի բերել այն վիճակին, որում գտնվում է ոստիկանությունը: «Բանակի թուլացումը կատարվում է վարչապետի ուղղակի հրահանգով: Չե՞ք զգացել, որ բանակը դարձրել են թիրախ: Առաջին գծից մարտական գեներալներին և սպաներին ծանուցագրերով կանչում են ՀՔԾ, և ինչ-որ կապիտան նրանց սպասեցնել է տալիս ժամերով: Նպատակը մեկն ՝ բանակնը բերել այն վիճակին, որում գտնվում է  ոստիկանությունը: ԱԱԾ-ն ասել է, որ հրամանատարներ են կալանավորվել, նման բաներն ԱԱԾ-ն սովորաբար ուղարկում էր բանակի ղեկավարությանը, նրանք էլ` ռազմական ոստիկանությանը: Ես այդպես եմ արել: Անվտանգության սպաները հանդիպել են ինձ հետ և պատմել իրենց մտահոգությունը»:

Այս համատեքստում Դավիթ Շահնազարյանն ակնարկեց՝ Սասուն Միքայելյանի երեկվա  արտահայտությունը միամիտ վրիպում չէր: «Դա քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իշխանություն Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը ներկա իշխանությունների քաղաքականությունն է»,- ասաց նա:

Շահնազարյանը հայտնեց, որ դեկտեմբերի 4-ին ՀՀԿ-ի գրասենյակում ասուլիս կհրավիրի Արցախի հարցով, որի ընթացքում կհամոզվենք իր այս պնդման ճշմարտացիության մեջ:

Հակադարձմանը` մի՞թե նախկին իշխանությունները վտանգ չէին երկրի և  բանակի համար՝ հաշվի առնելով 2016-ի ապրիլյան պատերազմում  ավելի քան հարյուր զոհը, 800 հա-ի կորուստը, Շահնազարյանն արձագանքեց. «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում, մեր նվաճումն էր. կանգնեցվեց ահավոր ծրագիր, որը դեռ կա այսօր»: