կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-23 20:50
Մշակույթ

ԴասA-ն մեծ արձագանք է ստացել աշակերտների շրջանում

ԴասA-ն մեծ արձագանք է ստացել աշակերտների շրջանում

Երևանի ավագ դպրոցներում ընթանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնած ԴասA ծրագիրը։ Այն արդեն մուտք է գործել թիվ 170 և 189 ավագ դպրոցներ։ Նվագախմբի երաժիշտներն ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն այցելում են դպրոցներ, զրույցներ վարում դասական երաժշտության մասին, ներկայացնում հետաքրքիր մանրամասներ դասական արվեստի մասին, անցկացնում ինտերակտիվ վարժություններ, իսկ այնուհետև հրավիրում դասական երաժշտության համերգի։ Իսկ նպատակն աշակերտներին դասական երաժշտությանը ծանոթացնելն ու նրանց մեջ բարձր արժեքներ սերմանելն է։

Թիվ 170 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Մխիթարյանը նշում է, որ ԴասA-ն աշակերտների լայն շրջանակների է ներգրավում դասական երաժշտության ոլորտ։ Ըստ նրա՝ այս նոր նախագիծը սովորեցրեց իրեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով հաղորդակցվել դասական արվեստի հետ։ Ավագ դպրոցի աշակերտուհին նկատում է, որ իրենց դպրոցի սաների շրջանում ԴասA-ն մեծ արձագանք է ստացել։  «Դասախոսության հաջորդ օրը մենք համերգի տոմսեր ունինք։ Գրեթե ամբողջ դպրոցով ներկա եղանք «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագրին։ Աշակերտների մեծ մասն առաջին անգամ էր այցելում սիմֆոնիկ երեկոյի։ Համերգից հետո մեր բոլորի սպասելիքների գրեթե 90 տոկոսն իրականացավ։ Դպրոցի աշակերտների մեծ մասը պատրաստվում է օգտվել ԴասA բջջային հավելվածի ընձեռած հնարավորությունից և երկրորդ անգամ այցելել սիմֆոնիկ համերգի»,- ասում է Թամարա Մխիթարյանը՝ ավելացնելով, որ նախկինում դպրոցում նման նախաձեռնություններ չեն եղել, մինչդեռ դրանք անհրաժեշտ են պատանիների, երիտասարդների մշակութային դաստիարակության համար։

Թիվ 189 դպրոցի աշակերտուհի Էլեն Փառլաքյանը նկատում է, որ ԴասA-ն իրեն լրացուցիչ գիտելիքներ տվեց այն մասին, թե ինչպես հանդիսատեսը պետք է իրեն պահի համերգների ընթացքում։ Էլենը նշում է, որ բնության մեջ, ամենուր կա երաժշտություն, պարզապես պետք է կարողանանք ունկնդրել այդ հնչյունները։ Թիվ 189 դպրոցի աշակերտները նոյեմբերի 13-ին ներկա են եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, դաշնակահար Բորիս Բերեզովսկու և ջութակահար Դենիել Ռոհնի համատեղ համերգին։ Էլենն ասում է, որ շատ ուրախ էին, որ ունկնդրեցին մեծ ճանաչում ունեցող երաժիշտների, քչերին է բախտ վիճակվում ներկա լինել Բորիս Բերեզովսկու համերգին, և այդ հնարավորությունն իրենց ընձեռվեց։ «Համերգին լսեցինք Խաչատրյանի կոնցերտները։ Արամ Խաչատրյանի մեծությունը ես ևս մեկ անգամ զգացի, զգացի, որ հայ լինելը շատ մեծ պատիվ է,- ասում է Էլեն Փառլաքյանը։ Նա ընդգծում է, որ շատ օգտակար էր նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ հանդիպումը։- Ոգևորող էր երիտասարդ, բայց շատ մեծ բարձունքների հասած դիրիժորի հետ հանդիպումը։ Սերգեյ Սմբատյանն իր աշխատանքով ապացուցել է, որ մարդու համար անհաղթահարելի բան գոյություն չունի, եթե կա նպատակին հասնելու ցանկություն և աշխատասիրություն»։