Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
2025 թ. սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում տեղի ունեցավ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի հանդիպումը Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանի և «Save Armenia» ամերիկյան կազմակերպության տնօրեն Մաթիաս Պերտուլայի և կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հրատապ խնդիրներին, ընդգծելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը հայտնվել է գոյաբանական սպառնալիքի տակ։ Արձանագրվեց մտահոգություն, որ ստեղծված պայմաններում մշակութային հիշողության միտումնավոր ոչնչացման վտանգը դարձել է ոչ միայն ռեալ, այլ նաև համակարգված գործելակերպի մաս։
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդգծեց, որ գերեվարված հայերի, որոնց թվում են նաև Արցախի Հանրապետության պետական, քաղաքական ղեկավարները, անհապաղ ազատ արձակումը պետք է դիտվի ոչ միայն որպես մարդասիրական քայլ, այլև մարդու հիմնարար իրավունքների վերականգնման և միջազգային իրավական պարտավորությունների իրականացման պահանջ։ Նա դատապարտեց Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող անձանց նկատմամբ կիրառվող ապօրինությունները՝ բնորոշելով դրանք որպես հակահայ քաղաքականության բացահայտ դրսևորում։
Սրբազան հայրը միևնույն ժամանակ կարևորեց Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ցուցաբերել գործուն միջամտություն և աջակցություն։
Հոգևոր հայրերը շնորհակալություն հայտնեցին «Save Armenia» նախաձեռնության անդամներին՝ ամերիկյան հասարակական-քաղաքական շրջանակներում հայկական շահերի առաջմղման, Արցախի հարցի համաշխարհային հարթակներում բարձրաձայնման և իրազեկման գործում կատարած ջանքերի համար։
Հանդիպման ավարտին «Save Armenia» կազմակերպության անդամները շրջայց ունեցան Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Մայր Տաճարի նորաբաց թանգարան, որտեղ հաղորդակից եղան Հայ Եկեղեցու դարավոր սրբություններին ու գանձերին։