|
Փոխարժեքներ
23 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Coca-Cola Europacific Partners (CCEP) ընկերության նկատմամբ, որը Եվրոպայում Coca-Cola ըմպելիքների խոշորագույն արտադրողն ու շշալցնողն է։
Եվրոպական կարգավորող մարմինը կասկածում է, որ ընկերությունը սահմանափակել է մրցակցությունը, ինչի հետևանքով կարող էին բարձրանալ Coca-Cola-ի, Fanta-ի և Sprite-ի գները։
CCEP-ն ըմպելիքներ է մատակարարում Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների սուպերմարկետներին, խանութներին ու բենզալցակայաններին։ Coca-Cola կորպորացիային է պատկանում ընկերության բաժնետոմսերի շուրջ 18 տոկոսը։
Եվրահանձնաժողովի վարկածով՝ CCEP-ն հնարավոր է խոչընդոտել է ավելի ցածր գներով ապրանքներ ունեցող երկրներից արտադրանքի գնումներին և դրանք ԵՄ այլ երկրներում վերավաճառելուն։
Դրա համար ընկերությունը, ենթադրաբար, օգտագործել է փաթեթավորման տարբերությունները, զեղչեր է տրամադրել՝ պայմանով, որ գնորդները հրաժարվեն միջսահմանային վաճառքից, ինչպես նաև պահանջել է յուրաքանչյուր երկրի համար գներն առանձին համաձայնեցնել։ Այս մասին ասված է եվրոպական կարգավորողի կայքում։
«Եվրոպայում միլիոնավոր մարդիկ ամեն օր զովացուցիչ ըմպելիքներ են օգտագործում։ Սակայն նրանք չպետք է ավելի շատ վճարեն միայն այն պատճառով, որ ապրում են ԵՄ մի երկրում, այլ ոչ թե մյուսում»,- հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Թերեզա Ռիբերան։
Եթե խախտումները հաստատվեն, ընկերությանը կարող է սպառնալ տուգանք՝ տարեկան համաշխարհային շրջանառության մինչև 10 տոկոսի չափով։ Այս դեպքում այն կարող է գերազանցել 2 միլիարդ եվրոն։