կարևոր
436 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-23 22:48
Քաղաքական

Խաղաղությունը, որի դիմաց պետությունը զիջում է իր ինքնությունը, անվտանգությունը, պարտության քողարկված ձև է. Քարամյան

Խաղաղությունը, որի դիմաց պետությունը զիջում է իր ինքնությունը, անվտանգությունը, պարտության քողարկված ձև է. Քարամյան

ՀՅԴ անդամ Լուսինե Քարամյանը գրում է․

«Նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ արդեն բարձրաձայնվել և քննարկվել են։ Սակայն ուզում եմ անդրադառնալ մի գաղափարական և առանցքային հարցի, որը վերջին տարիներին հետևողականորեն դրվել է գործող իշխանության քաղաքական խոսույթի և վարած քաղաքականության հիմքում, իսկ այժմ փորձ է արվում այն ամրագրել նաև սահմանադրական մակարդակում։

Խոսքը խաղաղությունը որպես պետական քաղաքականության ինքնուրույն նպատակ հռչակելու մասին է։

Մասնավորապես, նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է արտաքին քաղաքականության նպատակների շարքում ներառել նաև խաղաղության ապահովումը։

Առաջին հայացքից՝ միանգամայն ընդունելի և նույնիսկ անվիճելի ձևակերպում։ Ո՞վ կարող է դեմ լինել խաղաղությանը։ Բնականաբար, խաղաղություն ցանկանում ենք բոլորս։ Բայց արդյո՞ք խաղաղությունը որպես ինքնուրույն նպատակ սահմանելը գաղափարական և տրամաբանական առումով վտանգներ չի պարունակում։

Արդյո՞ք խաղաղությունը նպատակ է, թե՞ միջոց (կամ անհրաժեշտ պայման)՝ Սահմանադրությամբ ամրագրված մյուս նպատակներն իրականացնելու համար։

Եթե խաղաղությունը սահմանում ենք որպես ինքնուրույն նպատակ, ապա այդ նպատակին հասնելու համար կարող են արդարացված համարվել բազմաթիվ միջոցներ, այդ թվում՝ ինքնությունը կերտող արժեքներից հրաժարվելը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքերը թուլացնելը, ազգային արժեքներ կրող ուժերին չեզոքացնելը։ Միջոցներ, որոնք կարող են ժամանակավորապես ապահովել «խաղաղություն», բայց երկարաժամկետ հեռանկարում անխուսափելիորեն հանգեցնելու են ավելի մեծ աղետների, այդ թվում՝ հենց այդ խաղաղության կորստի։

Այս տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Արցախի Հանրապետությունն այսօր հասել է այդ նպատակին․ այնտեղ այսօր «խաղաղություն» է։ Պատերազմ չկա, կրակոցներ չկան։ Նույն տրամաբանությամբ վաղը կարելի է խաղաղություն հաստատել նաև Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում… Հայաստանում։

Ավելին՝ խաղաղությունը որպես ինքնուրույն նպատակ սահմանելը պատահական ձևակերպում չէ։ Իշխանությունը, խաղաղությունը պետական քաղաքականության գերագույն արժեքի վերածելով, ըստ էության, փորձում է վերաձևավորել հասարակության արժեքային և գաղափարական պատկերացումները։ Փորձում է հանրային ընկալման մեջ խաղաղությունը դարձնել ինքնաբավ նպատակ, որի անվան տակ հնարավոր կլինի արդարացնել անվտանգության իրական երաշխիքների, ինքնիշխանության և բարեկեցության բացակայությունը։

Իսկ իրականում պետությունը չի կարող գոյություն ունենալ հանուն խաղաղության՝ հրաժարվելով այն արժեքներից, որոնց պահպանման համար է ստեղծված։ Խաղաղությունը, որի դիմաց պետությունը զիջում է իր ինքնությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ոչ թե ձեռքբերում է, այլ պարտության քողարկված ձև։

Եվ եթե Սահմանադրությամբ խաղաղությունը հռչակվում է որպես նպատակ՝ առանց հստակեցնելու, թե ինչի համար և ինչ գնով, ապա մենք ոչ թե սահմանում ենք պետության զարգացման ուղենիշը, այլ վտանգավոր կերպով լեգիտիմացնում ենք ցանկացած զիջում՝ հանուն մի գեղեցիկ բառի»։