կարևոր
346 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-23 15:02
Քաղաքական

Պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը․ Բայրամով

Պաշտոնական Բաքուն բարձր է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը․ Բայրամով

Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ կարևոր միակ հարցը մեր դեմ տարածքային պահանջների վերացումն է։

APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի շրջանակում։

«Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։

Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և մեր ուժերից վեր է որոշել, թե երբ դա տեղի կունենա։

Ինչ վերաբերում է այսօր հրապարակված Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին, ապա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն անել։ Դա Հայաստանի ներքին հարցն է։ Մեզ համար այնտեղ կարևոր միակ հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը չպարունակի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Հրապարակված տեքստի համաձայն՝ այս պահին նման հանգամանք չկա։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,– ասել է Բայրամովը։

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը շարունակելու է հետևել Հայաստանի Սահմանադրության շուրջ զարգացումներին, և փաստաթղթում փոփոխություններ կատարելուց հետո նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլ լրացուցիչ խոչընդոտ չի լինի։

Նշենք, որ այսօր հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Դրա նախաբանում բացակայում է Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը։