կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 15:59
Քաղաքական

Անձի խնդիր չկա. Արմեն Ռուստամյան

Անձի խնդիր չկա. Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում ավարտվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության եւ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումը:

 

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ լսել են Կոստանյանի տեսակետները, թե ինչ փոփոխություններ է նախատեսում իրականացնել, ինչ նոր մոդելներ եւ մեթոդներ պետք է կիրառի: ՀՅԴ-ն մի քանի հարցեր է դրել Կոստանյանի առջեւ. նախ` քանի որ նա նաեւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է, ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել, խոսվել է ՀՅԴ-ի  «Ապրելու ենք մեր երկրում» ծրագրի մասին, մյուս հարցերը կապված են եղել Հրաչ Մուրադյանի գործի քննության հետ:

 

Լրագրողների դիտարկմանը, թե նա ավելի՞ ընդունելի է քան Աղվան Հովսեփյանը, Ռուստամյանը պատասխանեց, որ նախկին դատախազն ավելի փորձառու էր, Կոստանյանն այդքան մեծ փորձառություն չունի, փոխարենը Կոստանյանն ունի հետաքրքիր, նորարարական մոտեցումներ, գիտելիքներ` համակարգն արդիականացնելու համար:

 

Արմեն Ռուստամյանը նշեց, որ անձի հետ կապված խնդիրներ չկա, խնդիրը համակարգն աշխատեցնելու մեջ է: «Մեր չարիքների պատճառը, այն դժվարությունները, խնդիրները, որ կան, կապված են նրա հետ, որ մենք այսօր ունենք վերկենտրոնացված նախագահական համակարգ: Այս նախագահական համակարգից ազատվելն այն մեծ քայլը կլինի, որ կկարողանանք ապակենտրոնացնել իշխանությունը: Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կգա, խիզախ, քաջարի մարտիկի նման ու համակարգ կփոխի: Մենք պետք է համակարգային բարեփոխումներ անենք»,- հայտարարեց պատգամավորը:

 

Նա տեղեկացրեց, որ Սուրեն Խաչատրյանի որդու հարցին չեն անդրադարձել ժամանակի առումով, ԱԺ նիստում կանդրադառնան: «Մենք մեր տեսակետը հայտնել ենք, որ առնվազն պետք է դիտվեր պաշտպանության անհրաժեշտ սահմանները գերազանցելու հետ կապված որակում, որը չի տրվել»,- նշեց Ռուստամյանը: