կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 11:03
Հասարակություն

Մենք հողի և հայի համար կռվող կուսակցություն ենք` արդեն 128 տարի. Արթուր Խաչատրյան

Մենք հողի և հայի համար կռվող կուսակցություն ենք` արդեն 128 տարի. Արթուր Խաչատրյան

Ինչո՞ւ  քաղաքացին պետք է քվեարկի Դաշնակցության օգտին: Այս հարցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

«Քաղաքացին Դաշնակցության օգտին պետք է քվեարկի, որովհետև մենք հանդես ենք գալիս մի քանի հիմնարար սկզբունքներով: Առաջինը հայապահպանությունն է. մենք հողի և հայի համար կռվող կուսակցություն ենք` արդեն 128 տարի: Մենք այս պետականության, մեր իրավունքների դռանը կապած պահապան շների նման ենք. սա կարող է մի քիչ կոպիտ հնչել, բայց… Պատրաստ ենք պայքարել բոլորի հետ, ովքեր երբևիցե կհանդգնեն մեր պետականությունը, մեր ազգային արժեքները, մեր ավանդական արժեքները` ընտանիք, կրոն, եկեղեցի, ուսում, դպրոց, վտանգել: Մենք թերևս միակ քաղաքական ուժն ենք: Եթե, մեզանից բացի, մեկ այլը կա, թող բերի, ցույց տա, որ իր քաղաքական փաստաթղթերում խոսում է սոցիալական արդարության մասին, արժեք ստեղծելուց բացի` խոսում է արժեքի վերաբաշխման մասին: Այսինքն ` մենք այն ուժն ենք, որը թե՛ Հայաստանում, ի դեպ, Հայաստան ասելով, ես նկատի ունեմ նաև Արցախը, թե՛ Սփյուռքում պայքարել ենք և պայքարելու ենք հայերի իրավունքների համար: Մենք այն ուժն ենք, որը պայքարել է ճնշվածների իրավունքների, սոցիալական  արդարության համար: Միակն ենք, եթե կա այդպիսին, խնդրեմ, անուն առ անուն թող նշեն»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից 25-ը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն իր տաղավարում հյուրընկալելու է դաշնակցական գործիչների: Քաղաքացիները  կարող են նրանց հարցեր ուղղել  «Հարցեր՝ դաշնակցականներին» ֆեյսբույքյան էջում, հարցերն ուղարկել [email protected] Էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +37410-57-64-98 հեռախոսահամարին ու ստանալ պատասխաններն ամեն օր ուղիղ եթերում 20:50-ից մինչ 21:45-ը: