կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 11:30
Հասարակություն

128 տարվա մեր յուրաքանչյուր օրվա համար կարող ենք պատասխան տալ. դաշնակցական նախկին մարզպետ

128 տարվա մեր յուրաքանչյուր օրվա համար կարող ենք պատասխան տալ. դաշնակցական նախկին մարզպետ

Պետք է ընտրել Դաշնակցությանը, որովհետև ազգային հարցերում Դաշնակցությանը փոխարինող չկա.  «Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով «ինչո՞ւ պետք է ընտրել Դաշնակցությանը» հարցին:

«Դաշնակցությանը պետք է ընտրեն, որովհետև ՀՅԴ-ն հայ ժողովրդի, Արցախի, հայկական պետականության անվտանգության գլխավոր երաշխավորն է: Գուցե սա ճոռոմ է հնչում, բայց սա է իրականությունը:  Սա մեր 128 տարվա պատմությունն է: Մեզ այսօր տարբեր հարցերում շատ են քննադատում, բայց մենք մեր 128 տարվա յուրաքանչյուր օրվա համար կարող ենք պատասխան տալ: Չկա մի օր, չկա մի արարք, չկա մի գործողություն, որի համար կարող ենք ամաչել: Երբեք չենք արել քայլեր, որոնք կարող են ճակատագրական եղած լինել մեր ժողովրդի կամ պետության համար»,- ասել է Սաղաթելյանը:

Նա նաև անդրադարձել դաշնակցականների բացթողումներին: «Իհարկե, եղել են բացթողումներ, վրիպումներ: Դա եղել է աշխատանքի արդյունքում, անսխալականներ չկան: 128 տարվա մեջ մենք արել ենք բազմաթիվ աշխատանքներ, որոնց համար մեր ժողովուրդը պետք է ընտրի ՀՅԴ-ին: Դաշնակցությունը պետք է մեր ժողովրդին, Արցախին, Սփյուռքին, հայ գյուղացուն, պետք է Երևանի կենտրոնում ապրող մարդուն»,- նշել է Սաղաթելյանը:

Իսկ թե ինչո՞ւ պետք է ընտրեն իրեն, նա ասել է. «Շատերը ճանաչում են ինձ, գիտեն իմ անցած ճանապարհը, ունեմ գիտելիքներ, փորձառություն, անցած ճանապարհ: Ես կարող եմ մեր մարզի յուրաքանչյուր խնդիր պատշաճ, ըստ արժանվույն ներկայացնել նոր խորհրդարանում, բարձրացնել մարզի խնդիրները, գտնել դրանց լուծման ճանապարհները: Հենց դրա համար, կարծում եմ, գեղարքունիքցին կարող է ընտրել ինձ, և կարծում եմ` կընտրի»:

Նշենք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը առաջադրվել է այդ մարզում թիվ 8 ընտրական տարածքում` որպես ՀՅԴ պատգամավորի թեկնածու: