Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Այս ընտրություններով է ձևավորվելու ՀՀ առաջիկա 5 տարիների իշխանությունը, որ պատասխանատվություն է կրելու երկրի արտաքին քաղաքականության, տնտեսական առաջընթացի մարդկանց սոցիալական խնդիրների լուծման, սերունդների համերաշխության ամրապնդման, ժողովրդավարության խորացման, օրենքների գերակայության և, իհարկե, պետության և ժողովրդի անվտանգության համար:
Ո՞րն է այսօր ձեր պատկերացմամբ այն ուժը, որ կկարողանա միայնակ լուծել բոլոր հարցերը: Հայաստանում կա՞ այդպիսի ուժ: Կարծում եմ` չկա:
Նայենք քաղաքական դաշտի քարտեզին: Այսօր ընտրությունների գնացող գրեթե բոլոր թիմերը լիբերալ (ազատական) ուժեր են: Նրանց համար առաջնայինը շուկայական հարաբերություններն են, իսկ մարդկանց սոցիալական խնդիրները վերջին տեղում են (հմմտ. չեն սիրում աշխատել, դրա համար էլ խիյարը թարս է աճում, գնացեք ոչխար պահեք, պետությունը չի կարող ձեզ պահել, նստած եք փոքրամասնության վզին, և այլն): Սերունդների համերաշխություն ասվածը լիբերալների համար օդեղեն մի բան է (անցում կուտակային կենսաթոակային համակարգի, ավագ սերնդի զանգվածային դուսմղում գիտական, տնտեսական մշակութային կյանքից):
Բանկը լիբերալների աստվածն է, փողն է, ըստ ազատականների, որոշում ամեն ինչ: Լիբերալները նաև շատ գեղեցիկ ճառեր են ասում արդյունքի արդար բաշխման մասին, բայց խիստ վիճելի պատկերացումներ ունեն արդարության մասին: Հայաստանում լիբերալ (ազատական) ուժերի այս առատությունը ցույց է տալիս մեզանում համաշխարհային ֆինանսական կենտրոնների և զանազան այլ շրջանակների ազդեցության աստիճանը: Որքան աղքատ է երկիրը, այնքան շատ են լիբերալ ուժերը: Նշված կենտրոնները, Հայաստանից զատ, ունեն շատ այլ ազդեցության գոտիներ, և, բնական է, աշխատում են, որ իրենց ֆինանսական ծրագրերը չվտանգվեն ազդեցության գոտիների միջև եղած հակասությունների պատճառով: Պատահական չէ, որ մեր արևմտյան բարեկամները ցանկանում են արագ կարգավորել Արցախի հարցը` թեկուզ կողմերից մեկնի հաշվին: Ինչո՞ւ են Հայաստանին ավելի շատ ճնշում: Պատասխանը հստակ է` Ադրբեջանում ավելի մեծ ներդրումներ կան, որոնք չպետք է վտանգվեն: Հայաստանյան լիբերալ ուժերի համար այդ մեծ խաղի այլ կանոններ պարզապես չկան:
Հայաստանում լիբերալներին հակակշռող միակ ուժն այսօր սոցիալիստական Դաշնակցությունն է: Դաշնակցությունն էլ ասում է արդար բաշխում: Բայց արդարություն չի կարող լինել մի տեղ, որտեղ առնվազն չի երաշխավորվում նվազագույն կենսապահովման զամբյուղը: Արդար չէ, երբ պետությունը աշխատատեղ չի ստեղծում, բայց մարդուց պահանջում է աշխատել: Արդար չէ, երբ պետությունը մասնավոր բիզնեսի առաջ աշխատատեղ ստեղծելու նվազագույն պահանջներ չի դնում: Արդար չէ, երբ պետություն կառավարող լիբերալ ուժն այդ երկրի քաղաքացիների համար աշխատաշուկա հանդիսացող երկրների հետ հարաբերությունները ենթարկում է փորձության` հանուն ֆինանսական կենտրոնների հետ իր վտանգավոր խաղի: Վերջապես արդար չէ, երբ որևէ երկրում հարստանում են միայն բանկերը և մի խումբ մարդիկ, որոնք հասցրել են որոշակի կապիտալ կուտակել:
Ազգային հարցերում լիբերալները հետևողական չեն, թեև Հայաստանում չկա մի լիբերալ ուժ, որ ասի` ես ազգային չեմ: Բայց լիբերալի «ազգայինն» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ֆինանսական շուկան` տնտեսությունը դեֆոլտից փրկելու ազատականների վերջին հույսը: Ոչինչ, որ ազգի կեսը աղանդավոր դառնա, միայն թե վարկ տան, ոչինչ, որ ԼԳԲՏ համայնքի գոյությունը պրոպագանդվի և պաշտպանվի օրենքով, միայն թե դրամաշնորհային ծրագրեր իրականացվեն, ոչինչ որ ժողովրդավարության անվան տակ երկրում հազարավոր կասկածելի ՀԿ-ներ գործեն, միայն թե դրանցում ընդգրկված զանգվածները ընտրություններում ձայն ապահովեն իրենց համար: Հեշտ է ասել` ես ազգային եմ և ջերմ ընդունելության արժանանալ սփյուռքահայ գաղթօջախներում: Իսկ ո՞ւր է այդ նույն գաղթօջախի համար արածդ գործը: Ի՞նչ ազգային լինելու մասին է խոսքը, երբ պատրաստ ես հրաժարվել ազգային տարածքներից` հանուն խաղաղություն և ադրբեջանի ժողովրդի իրավունքների:
Շուկայական հարաբերությունները, եթե դրանք որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից, կարող են պատճառ դառնալ կենտրոնի և ծայրամասերի, ինչպես նաև տարբեր մարզերի անհամաչափ զարգացման: Հայաստանում մարած հարյուրավոր գյուղերը, ծաղկուն արդյունաբերական քաղաքների (Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Չարենցավան, Կապան) թուլացումը շուկայական տնտեսության մեջ պետության դերի անտեսման հետևանք են:
Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների ինչ-որ հեղափոխության ազդեցության տակ, որի արդյունքում մի լիբերալ ուժը մյուսից խլել է իշխանությունը և հայտարարում է, որ Հայաստանում բան է փոխվել: Նման բան չի կարող լինել, ֆինանսական շուկան պարզապես թույլ չի տա: Այս իմաստով Հայաստանում տեղի ունեցածը կոսմետիկ վիրահատություն է ընդամենը, որի հաջող ելքի մասին դեռ վաղ է խոսելը:
Հստակ է, որ երկրում խախտված է հավասարակշռությունը: Բանավեճը, որ պետք է տեղի ունենար ազատական և սոցիալիստական գաղափարախոսությունների միջև, արհեստականորեն տեղափոխվել է լիբերալ գաղափարախոսության դաշտ և, ըստ էության, վերածվել այդ դաշտի ուժերի միջև լեզվակռվի:
Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Սա այն պատեհ առիթն է, որն օգտագործելով` մենք կարող ենք վերականգնել հավասարակշռությունը լիբերալ և սոցիալիստական գաղափարախոսությունների միջև: Ամբողջ աշխարհում չկա մի երկիր, որի օրենսդիր մարմնում ներկայացված լինի մեկ գաղափարախոսություն, մեկ ուժ իր տարբեր դրսևորումներով:
Ո՞րն էր ասվածի միտք բանին:
Թույլ չտանք, որ Հայաստանում լիբերալ ուժերի ներքին պայմանավորվածությունների և քարոզչական ճնշումների արդյունքում ձևավորվի մի իշխանություն, որ նույնիսկ ամենավեհ ձգտումներից խոսելով՝ կարող է խորացնել անարդարությունը, նպաստել աղքատության աճին, արտաքին նոր սպառնալիքներ ստեղծել պետության համար ու դառնալ համատարած արտագաղթի պատճառ:
Էդիկ Անդրեասյան