|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով՝ քանի դեռ կա այս իշխանությունը, զիջումները լինելու են ամեն օր։
«Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:
Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին:
Բայց մենք չենք համակերպվելու:
Փաստորեն, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Կատարվածը ուղղակի սպառնալիք է՝ Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում:
Սիրելի հայրենակիցներ, ստեղծված աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանության ձևավորումը: Մենք սկզբնավորել ենք համազգային դիմադրություն իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։
Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդը դարձյալ ապրելու է արդար, ուժեղ երկրում», - ասված է հայտարարությունում