կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 20:25
Առանց Կատեգորիա

Երբ իշխանությունների վարքն ու օտարոտի երևույթները ստիպում են հետ նայել

Երբ  իշխանությունների վարքն ու օտարոտի երևույթները ստիպում են հետ նայել

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանից պրծանք, հիմա էլ նրա որդին` SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է իր «ադրբեջանամետությամբ» աղմուկ հանել համացանցում: Պտուղը ծառից հեռու չի ընկնում: Մի՞թե Լևոն Բարսեղյանը չի կանգնած Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու տխրահռչակ նախաձեռնության ակունքներում: Հետևաբար, ի՞նչ ենք ուզում նրա որդուց, որը հաջողեցրել է իր լայվերից մեկում պաշտպանության տակ առնել  կապույտ մազերով «հանրահայտ» Ասյա Խաչատրյանին, որն արդեն Թիֆլիսներում է հայտնվել իր ադրբեջանցի ընկերոջ հետ:

Թվում էր` մոռացել էինք Ասյա Խաչատրյանին, որի անհասկանալի վարքի պատճառով արցախցի իրավապահները հայտնվեցին հիմար վիճակում և ընդհուպ պատիժների արժանացան պաշտոնեական դիրքի չարաշահումների համար: Իսկ այդ պատմության բարձրակետն էլ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի առջև այլասերված խառնամբոխի բողոքի ցույցն էր` ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, որի կազմակերպիչ-քաջալերողներից մեկն էլ, ըստ երևույթին, Հայկ Բարսեղյանն էր:

Պարզվում է, սակայն, որ Ասյա Խաչատրյանի պատմությունը դրանով չի ավարտվել, իսկ Հայաստանում կան նրա գործի «համոզված» հետևորդներ ու ջերմ պաշտպաններ: Ահավասիկ Հայկ Բարսեղյանը հայտարարում է, որ ինքն էլ կուզեր լինել Ադրբեջանում, Ասյայի նման ընկերություն անել ադրբեջանցու հետ, հաց կտրել ադրբեջանցու տանը և հյուրընկալել նրան: Ես հիմա նրա հորն եմ հարցնում` ի՞նչ է սա, պարո'ն Բարսեղյան, հայ-ադրբեջանական հաշտեցման փո՞րձ, թե՞ այլասերության տարածում, դրսի պատվե՞ր, հերթական գրանտը կպցնելու ճղճիմ քա՞յլ: Այս ի՞նչ խաղերի մեջ եք ընտանյոք հանդերձ: Իսկ ո՞ւր է ձեր անդավաճան օրթախ Արթուր Սաքունցը: Չկա՞ այս գործում:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիում ու Շիրակի մարզում «ասողն» արդեն Լևոն Բարսեղյանն է: Ողբամ զքեզ, Գյումրի', ողբամ զքես, Շիրա'կ, որ Լևոնի ու նրա որդու պես քարոզիչ-ասողներ ունես: Ողբամ զքեզ, հեղափոխությո'ւն, որ սկսվել ես Գյումրիից` Լևոն Բարսեղյանի քավորությամբ` շարքերումդ ունենալով անմեղսունակների ամբողջ բանակներ: Օրեր անց այդ աղբը Փաշինյանի կողքին էր Երևանում, փողոցներ էր փակում, Երևանի քաղաքապետարանի շենքն էր գրոհում, քանդում բարեկարգվող զբոսայգու պարիսպները, ահաբեկում դպրոցական և բուհական հաստատությունները, հեղափոխության անվան տակ մեր ու մանուկ հանում փողոցներ: Այս ամենին զուգահեռ` հալածվում էր Հայ Առաքելական եկեղեցին, ոտնահարվում ու արժեզրկվում էր ազգային ամեն ինչ, ոստիկանությունն ու բանակն` այդ թվում: Իշխանությունների անճարակության պատճառով այս խառնամբոխին հաջողվեց հանրությանը համոզել, որ ժողովուրդն է այդպես ուզում: Էյֆորիան հասավ այնտեղ, որ փրկիչ հռչակված Փաշինյանը, ոտնահարելով Սահմանադրությունը, կարողացավ դառնալ վարչապետ, իսկ հետո նաև ամբողջությամբ զավթել Երևանի իշխանությունը:

Եվ հիմա, երբ փաշինյանական իշխանություններն այլ ելք չունեն, քան ընտրություններով իրենց իշխանությունն ամրագրելը, բոլոր տիպի այլասերվածները` միասեռականներ, աղանդավորական խմբեր, ադրբեջանական նավթադոլարներով սնվող «մտավորականներ», նոր թափով են ակտիվանում և նորանոր պահանջներ դնում իրենց ուսերի վրա իշխանության եկած կառավարության առաջ: Կարծում ենք` ճիշտ ժամանակն է, որ ժողովուրդը թոթափի իրեն համակած էյֆորիան, պատկերացնի, թե ինչ է իրենց ներկայացնելու կառավարող ուժի նախընտրական ցուցակը և վերջապես քայլ անի մեկ տարին բոլորող այս մղձավանջը հաղթահարելու ուղղությամբ:

Հայկ Բարսեղյանի հանած աղմուկը դեռ չէր մարել, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ինչ-որ Գարիկ Ամոլիկյանի, որի կենսագրությունից մեզ  հայտնի է միայն, որ մարմնավաճառ է աշխատում: Ի՞նչ են քննարկել, անհայտ է, թեև վերջինս ֆեյսբուքյան գրառման մեջ մեկ բառով իր գոհունակությունն է հայտնել ԿԳ նախարարից` գրելով. «Բավարարված ենք»: Դե եկ ու սրանից հետո երեխա վստահիր Արայիկ Հարությունյանի ղեկավարած կառույցին, նրա`աշխատանքի ընդունած դպրոցի տնօրենին ու ուսուցչին:

Այլևս անտանելի է իշխանությունների անպատկառությունը, որով նրանք վերաբերվում են իրենց հասցեին հնչող քննադատություններին: Նրանք ոչինչ չեն արել, ոչ մի ծրագիր չունեն և դեռ հայտնի էլ չէ` երբևէ կունենա՞ն, թե՞ ոչ: Բայց նրանք այսօր լիահույս են, որ ղռռալով անցնելու են խորհրդարան: Ո՞վ է նրանց թևավորում, ո՞վ է նրանց «դուխ» տալիս, որ նույնիսկ այս նախընտրական օրերին իրենց թույլ են տալիս Արցախի հարցով ադրբեջանցիների իրավունքներից խոսել, միասեռականների և աղանդավորների հավաք-շքերթներ քարոզել, հանրությանն ահաբեկել իրավական անհիմն հետապնդումներով:

Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Հեղափոխությո՞ւն: Ո՞վ է այսօր դրան հավատում, երբ օրեցօր միայն մարտահրավերներն են ավելանում, երբ երկրից փախչում են պոտենցիալ ներդրողները, երբ փակման եզրին է հայտնվում հանքարդյունաբերությունը, երբ 100 մետր ճանապարհ չի կառուցվում, բայց փոխարենը հայտարարվում է մենաշնորհների, կոռուպցիայի և օլիգարխիայի վերացման մասին: Այդ ի՞նչ հեղափոխություն է, որ չնայած բյուջե վերադարձվող գումարներին, ժողովրդին բարեկեցության որևէ հույս չի տալիս, բայց շարունակում է խոսել ժողովրդի անունից ու կամքից:

Պետք է օր առաջ կանգնեցնել երկրի այս խոտոր ընթացքը, որևէ կերպ տուրք չտալ հասարակության վզին փաթաթվող քարոզչությանը, թե միևնույն է` հեղափոխություն իրականացրած ուժը բացարձակ մեծամասնություն է դառնալու Ազգային ժողովում: Այդ ուժն արդեն վատնել է իր գլխավոր ռեսուրսը` ժողովրդական էյֆորիան, և փորձելու է առաջիկա ընտրություններում հաղթել կասկածելի ՀԿ-ներում գլուխ պահող հացկատակների և այլասերված խառնամբոխի շնորհիվ: Պատահական չէ, որ Փաշինյանն այսօր իր թիմը համալրում է այլ կուսակցություններից հեռացած մարդկանցով, որոնք, ձայն բերելուց զատ, նաև շղարշի դեր  են կատարելու` ներսի խայտառակությունը քողարկելու իմաստով:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը երկրի շահերին ու առաջընթացին ծառայեցնելու հնարավորություններն են աստիճանաբար սպառվում: Ճիշտ է, տակավին ասում ենք, որ անցյալին վերադարձ չկա, չի կարող լինել, բայց ի՞նչ անել, երբ օրվա իշխանություններն ու օտարոտի երևույթները մեզ ամեն անգամ ստիպում են հետ նայել:

Էդիկ Անդրեասյան