կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 15:55
Քաղաքական

Նախկինում եղած արատավոր երևույթները հնարավոր կլինի կանխել Ընտրական նոր օրենսգրքով. ԲՀԿ

Նախկինում եղած արատավոր երևույթները հնարավոր կլինի կանխել Ընտրական նոր օրենսգրքով. ԲՀԿ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ խոսեց Ընտրական օրենսգրքի նախագծի մասին: Նշենք, որ ԲՀԿ-ն ևս Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցավ, որից հետո ԲՀԿ-ականն ընդգծեց, որ մի շարք արատավոր երևույթներ, որոնք նախկինում տեղի են ունեցել, ընտրությունների ժամանակ մտահոգության պատճառ են դարձել, ուստի նոր ԸՕ-ի քննարկումը տեղին էր ու կարևոր:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում կա իրական հնարավորություն որակապես այլ Ընտրական օրենսգիրք ունենալու: Նախկինում եղած արատավոր երևույթները հնարավոր կլինի կանխել Ընտրական նոր օրենսգրքով: Մեր փորձագետների կողմից մի շարք հարցեր են առաջ քաշվել, սակայն պետք է նշեմ, որ ժամանակը բավարար չէր` մեր կողմից արձանագրված հարցերը բարձրաձայնելու և սպառիչ պատասխաններ ստանալու համար»,- ասաց Էնֆիաջյանը:

«Հարցեր կային` հասարակական կազմակերպությունների լրատվամիջոցների հետ կապված: Ասեմ, որ հանձնաժողովի ներկայացուցիչները մեզ հետ համակարծիք էին ու ասում էին, որ այստեղ թյուրիմացություն կա: Ցուցակների հրապարակման հետ կապված էլ ենք խոսել, և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների տեսակետները մեզ հետաքրքիր են: Մենք այս պահին ունենք մի մեծ փաթեթ, որի վրա աշխատել են մեր մասնագետներն ու փորձագետները: Պետք է ասեմ, որ մեզ համար ոչինչ ինքնանպատակ չի լինելու, անգամ` ցուցակների հրապարակման հարցում պետք է լինի տրամաբանություն: Այս և մի շարք այլ հարցերի հետ կապված` մեզ հետաքրքիր էին Վենետիկի հանձնաժողովի հիմնավորումները, որովհետև մի կողմից մենք ունենք ՍԴ վճիռ, մյուս կողմից` քաղաքական որոշակի անվստահության դրսևորման միտումներ»,- ընդգծեց պատգամավորը` հավելելով, որ մատների թանաքոտման հետ կապված էլ են խոսել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ:

Էնֆիաջյանը ընդգծեց նաև, որ ամեն հանգամանք ուսումնասիրելուց հետո նոր հնարավոր կլինի էական ու նոր փոփոխություններով Ընտրական օրենսգիրք ունենալ: