կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 12:51
Քաղաքական

ԸՕ փոփոխությունները կհանգեցնեն երկրում կուսակցական կայուն համակարգի ստեղծմանը. Գևորգ Կոստանյան

ԸՕ փոփոխությունները կհանգեցնեն երկրում կուսակցական կայուն համակարգի ստեղծմանը. Գևորգ Կոստանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԸՕ փոփոխություններին. ԸՕ բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Ըստ նրա` փոփոխությունների հիմքում դրել են հետևյալ իրավական մոդելը՝ ո՞րն է այս երկու համակարգերի՝ ռեյտինգայինի և համամասնականի էական տարբերությունը, և ինչո՞ւ է սկզբունքային այն  այսօր ընդունելը:

«Միջազգային փորձն ուսումասիրելիս գալիս ենք այն եզրակացության, որ ցանկացած երկիր իր քաղաքական զարգացման որոշակի փուլում փոխում է այդ համակարգերը: Ե'վ լավ, և' վատ ընտրական համակարգեր չկան և չեն լինում: Յուրաքանչյուրի կիրառումը քաղաքական անհրաժեշտությամբ է պայմանավորված»,- ասաց Կոստանյանը:

Նա ներկայացրեց համամասնական և ռեյտինգային ընտրակարգերի դրական կողմերը: Կոստանյանի կարծիքով` ռեյտինգային ընտրական համակարգն, ըստ էության, մեծամասնականի և համամասնականի համադրությունն է:

«Մեծամասնականի էությունը այն է, որ երբ ընտրողն ընտրում է իր ներկայացուցչին, անձնական մոտեցում է ցուցաբերում: Դա մեր հանրության մեջ բավականին ընդունված ու պահանջված է եղել, որպեսզի հեռավոր գյուղում ընտրողը ճանաչի իր ներկայացուցչին և ընտրի նրան, ով իրենց կներկայացնի օրենսդիր մարմնում: Սրանով հանրությունն ուներ ներկայացուցչականության ավելի լայն, ընդգծված դրսևորման հնարավորություն»,- բացատրեց պատգամավորը, ապա շարունակեց. «Համամասնականն առաջին հայացքից չունի այդ ներկայացուցչականությունը: Սակայն դրա առավելությունն այն է, որ այն երկրում խթանում է քաղաքական կուսակցական համակարգի կայացումը: Քաղաքացին ընտրում է կուսակցությանը, դրանով իսկ հավանություն է տալիս կուսակցության գաղափարներին: Այդ համակարգի կարևորությունն այն է, որ դրանով մեծապես խթանում ենք քաղաքական կուսակցական համակարգի կայացումը, որ կուսակցությունը չլինի անհատականացված, այլ լինի գաղափարական, սկզբունքային հենքի վրա կազմված»:

Կոստանյանի խոսքով` որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր: «Այն պարզապես կատարել է իր աշխատանքը: Եթե քաղաքական նպատակահարմարությամբ ընտրվել է համամասնականը, ապա կարծում եմ, որ դա շատ կարևոր որոշում է: Մեր իրականության մեջ մենք, այնուամենայնիվ, կարևորում ենք կուսակցությունը: Կոնկրետ անձերով պայմանավորված, կոնկրետ անձերի մասնակցելու տեսակետից` հիմա չկա այդպիսի բան, այս համակարգը, այս փոփոխությունները մեզ պետք են, որպեսզի մենք կուսակցական քաղաքական համակարգը խթանենք»,- ասաց նա:

Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, քանի որ այն երկրում կհանգեցնի կուսակցական կայուն համակարգի ստեղծմանը: