կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-04 13:58
Առանց Կատեգորիա

Քաղաքացիական ազատությունները կաշկանդելով` կհանգեցնեն ներհասարակական համերաշխությունը խարխլող իրավիճակի. Գևորգ Ղուկասյան

Քաղաքացիական ազատությունները կաշկանդելով` կհանգեցնեն ներհասարակական համերաշխությունը խարխլող իրավիճակի. Գևորգ Ղուկասյան

Նարեկ Մալյանի վրա երեկ գիշեր տեղի ունեցած հարձակումը, իրավականից զատ, պարունակում է ընդգծված քաղաքական ենթատեքստ. Yerkir.am-ի զրուցում տեսակետը հայտնեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը:

-Ձեր գնահատականը միջադեպի առնչությամբ:

- Գնահատականը միանշանակ է՝ կատարվել է խուլիգանություն՝ անձի քաղաքացիական ակտիվությամբ պայմանավորված: Այս կամ այն անձի քաղաքացիական կեցվածքն ու գործունեությունը կարելի է ընդունել կամ չընդունել, բայց հակադրվել` բռնության գործադրմամբ, անընդունելի է: Ես էլ Մալյանի գործունեության շատ մանրամասներ չեմ կիսում, բայց կրկնում եմ՝ քաղաքացիական դիրքորոշմանը բռնությամբ հակադրվելը ոչ միայն դատապարտելի է, այլև պարունակում է քրեական հանցակազմ, ինչին իրավապահները պետք է պատշաճ գնահատական տան:

- Նման երևույթները ոչ միայն դատապարտելի են, այլև վտանգավոր:

- Նման միջադեպերը նախադեպի և շղթայականի վերածվելու մեծ ռիսկ են պարունակում՝ սպառնալով վտանգավորության աստիճանի բարձրացնել ներհասարակական երկփեղկվածությունը: Պետության իրավապահ համակարգը պետք է իրավական գնահատական տա կատարվածին, ապահովի գործի օբյեկտիվ և անաչառ քննություն, հակառակ դեպքում` հասարակական-քաղաքական և քաղաքացիական գործունեությունը վերաճելու է միջանձնային կամ խմբակային բախումների՝ երկրում ձևավորելով քրեածին միջավայր:

- Ըստ Ձեզ` ո՞րն է իշխանության դերն այս հարցում:

- Գաղտնիք չէ, որ քաղաքացու վրա հարձակում գործած երիտասարդները մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչներ են, և հարցը, իրավականից զատ, պարունակում է ընդգծված քաղաքական ենթատեքստ՝ պայմանավորված երկու հանգամանքով: Առաջինը` Մալյանի քաղաքացիական-ընդդիմադիր ակտիվությունն է, երկրորդը, արդեն նշեցի, հարձակվողների` մերձիշխանական լինելու հանգամանքն է: Իշխանությունները պետք է ապահովեն գործի անաչառ քննություն, իսկ մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն:
Ավելին` իշխանությունների սահմանադրական պարտականությունն է ապահովել անձի ազատ խոսքի, քաղաքացիական ակտիվության, քաղաքական պայքարի անվտանգությունը՝ անկախ նրանից` այդ պայքարն ուղղված է իրենց դեմ, թե` ոչ: Այս առումով` իշխանությունները երկու կարևոր անելիք ունեն: Առաջին` անել հնարավորինն ու անհնարինը երկրում գրեթե մեկ տարի ձգվող ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի վերացման ուղղությամբ, երկրորդ` ապահովել հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունը: Հակառակ դեպքում` քաղաքացիական ազատություններն անընդհատ կաշկանդվելու են՝ հանգեցնելով ներհասարակական համերաշխությունն ամբողջովին խարխլող իրավիճակի:

Մ.Ա.