|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հոկտեմբերի 15-ից 19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին, որը հյուրընկալվել էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի կողմից: Ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարին նվիրված միջոցառման լիագումար նիստի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարևորել է միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդման գործում տեղեկատվության և հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակման նշանակությունը, առաջարկել դիտարկել համապատասխան մեխանիզմների և ընթացակարգերի ձևավորման հնարավորությունը:
Վաշինգտոնից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Վիսբադենում հոկտեմբերի 17-ից 19-ը անցկացված Եվրոպական բանակների հրամանատարների ամենամյա խորհրդաժողովին, որը հյուրընկալվել էր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի կողմից:
Հանդիպումը նվիրված էր միջազգային արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին արձագանքելիս գործընկերության ամրապնդման և փոխգործունակության զարգացման ուղիների և միջոցների շուրջ մտքերի փոխանակմանը: