կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-15 12:33
Հասարակություն

Սիրիա ուղարկվող հումանիտար առաքելությունը որևէ վտանգ իրենից չի ներկայացնի

Սիրիա ուղարկվող հումանիտար առաքելությունը որևէ վտանգ իրենից չի ներկայացնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

– Տիկին Պողիկյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քայլը, որը սակրավորներ ու բժիշկներ է ուղարկում Սիրիա՝ հումանիտար առաքելության անվան տակ։ Դուք այստեղ որևէ վտանգ չե՞ք տեսնում, որ հայկական դրոշի ներքո հումանիտար առաքելության արդյունքում կարող է խախտվել հայ համայնքի չեզոքությունը։

– Հայաստանը, որպես պետություն, իր պարտավորությունն ու առաքելությունն է իրականացնում որպես մարդասիրական նպաստ մի երկրի, որը տարիներ շարունակ պատերազմի մեջ է և կարիք ունի այդպիսի օժանդակության։ Ես կարծում եմ՝ դա քաղաքական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի։ Կրկնում եմ՝ սա մարդասիրական առաքելություն է։ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են, դիվանագիտական կապերն առկա են։ Հայաստանը միակ երկիրն է, որ պատերազմի տարիներին իր դիվանագիտական ներկայությունը պահպանեց։ Ես կարծում եմ, որ բոլորի կողմից ճիշտ կընկալվի այդ օժանդակությունը և որևէ վտանգ իրենից չի ներկայացնում։

– Այսինքն՝ այստեղ որևէ վտանգ չե՞ք տեսնում։ Հայաստանում մտահոգություններ են հնչում, որ հայերը կարող են ահաբեկիչների թիրախ դառնալ։

– Ես այդպիսի վտանգ չեմ տեսնում։ Հաշվի առնելով, որ սա մարդասիրական օժանդակություն է, նաև հաշվի առնելով, որ Հայաստանը Սիրիային բարեկամ երկիր է։

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա պետք է նշեմ, որ հայ համայնքը հանդես է գալիս Սիրիա պետության շահերի դիրքերից։ Ես կցանկանայի, որ Սիրիայի շահերը, որպես պետություն, պաշտպանվեն, որի արդյունքում պաշտպանված կզգան բոլոր համայնքները, բոլոր մարդիկ, և խաղաղ, բոլոր կողմերի համար ընդունելի միջոցներով կարգավորում լինի։

Պետք է նկատել, որ հիմա Սիրիան սպասողական վիճակում է, որովհետև ձեռք բերված համաձայնությունը ժամանակավոր է։ Հուսով ենք, որ այդ համաձայնության արդյունքում ելք կգտնեն՝ բախումները կանխելու առումով։ Բոլոր օտար ուժերը, որոնք ապօրինի մուտք են գործել Սիրիա, աստիճանաբար դուրս կգան՝ իրենց առաքելությունն ավարտած համարելով, և Սիրիան կվերագտնի իր ներքին համերաշխությունը։ Անվտանգության առումով ներկայումս Հալեպում ավելի անվտանգ է, քան նախորդ տարիներին, որոշ արվարձաններ կան, որտեղ զինյալ խմբավորումների հետ բախումներ են լինում, բայց համաձայնություններ են գոյանում, որպեսզի այդ շրջաններն էլ այդ վիճակից դուրս գան։ Հիմա երկիրը համեմատաբար խաղաղ հանգրվանում է, այդ թվում՝ հայ համայնքը։ Հայ եկեղեցին էլ բնականոն գործում է։

– Սիրիայի հայ համայնքից մեծ արտագաղթ կար։ Հիմա ինչպիսի՞ն է իրավիճակն այդ առումով, կա՞ն Սիրիա վերադարձողներ։

– Պետք է նկատի ունենալ, որ պատերազմը դեռ չի ավարտվել, և չի կարելի մտածել, թե ամեն ինչ վերջացած է, խաղաղ է։ Բայց, բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք Հալեպից ժամանակավոր հեռացել էին ավելի անվտանգ շրջաններ, հիմա վերադարձել են։ Վերադարձողներ կան նաև հարևան երկրներից, օրինակ՝ Լիբանանից։ Մարդիկ նախընտրեցին իրենց ծննդավայրը. այո, կան վերադարձողներ, սակայն պատերազմով պայմանավորված դժվարությունները դեռ պահպանվում են։ Հայ համայնքն իր միջոցներով փորձում է օգտակար լինել իր անդամներին, այդ թվում՝ դպրոցներին, վարժարաններին, որպեսզի այդ հաստատությունները շարունակեն գործել։ Բացի այդ, տարբեր աջակցությունների շնորհիվ եկեղեցիներ և այլ շենքեր են նորոգվում, նաև վերադարձողները սկսել են վերանորոգել իրենց տները։

– Այսինքն՝ հայ համայնքը ոչ թե չեզոք է, այլ իշխանություններին է աջակցում։

– Ոչ թե իշխանություններին է աջակցում, այլ պետությանը։ Իշխանությունները ժամանակավոր են, իսկ մենք միշտ պետության ու հայրենիքի շահերի կողմն ենք։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան