կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 12:40
Քաղաքական

Ծանր օրերին պետք է միասին կիսենք հացը. ՀՀ-ից Սիրիա ուղարկվող օգնությունից նաև արաբներին են բաժանում

Ծանր օրերին պետք է միասին կիսենք հացը. ՀՀ-ից Սիրիա ուղարկվող օգնությունից նաև արաբներին են բաժանում

Սփյուռքի նախարարության 2016-ի բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողները նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրույցում դիտարկում արեցին, որ սիրիահայերն իրենց հարցազրույցներում բողոքում են, թե Հայաստանից բերված օգնությունը շան լափի է նման, հագուստներն էլ այն չեն։ Նախարարն արձագանքեց, որ տեղյակ չէ՝ ով է նման բան ասել, քանի որ օգնության ուղարկման խնդրով իրենք չեն զբաղվում։

«Դա չի նշանակում, որ ես խուսափում եմ, սակայն մենք չէ, որ բեռները հավաքագրում, գնում, փաթեթավորում և ուղարկում ենք, մենք ՀԿ-ներին ենք տրամադրում, և նրանք էլ գործը գլուխ են բերում։ Բայց ես հաստատ գիտեմ, որ դրանցում սնունդ է ու Հայաստանում կարված հագուստ։ Մենք օտար կամ բրենդային հագուստ չենք ուղարկում։ Տեղյակ եմ, որ մեր հայրենակիցները հնդկաձավար չեն ուտում, և սա երբեմն թյուրիմացություն է առաջացնում, նրանք հնդկաձավարը որպես ուտելիք չեն ընդունում։ Գուցե հենց հնդկաձավար են ուղարկել, դրա համար էլ նման կարծիք են հայտնել»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով նաև, որ եթե մեկն ուղարկած օգնությանը «շան լափ» որակումն է տալիս, դա չի նշանակում, որ բոլորն են այդպես կարծում։

Նա տեղեկացրեց, որ կճշտի՝ ինչ է ուղարկվում փաթեթների մեջ, թեև դա ամենևին էլ իր խնդիրը չէ։ Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ Սիրիայում իրենք աշխատում են նաև շտապօգնության հետ, որոնց ղեկավարները միշտ շատ գոհ ու ոգևորված են եղել: «Ավելին՝ նրանք ուրախ են եղել, որ նաև հայերի հարևաններին են կարողացել օգնություն բաժանել, այսինքն՝ արաբներին։ Չեն կարող մեկին օգնություն տալ, մյուսին՝ ոչ, ծանր օրերին չենք կարող առանձնացնել և միայն հայերին բաժանել։ Սա շատ կարևոր է, ի վերջո, միասին են ապրում, հետո խոսք կա, չէ՞, ծանր օրերին պետք է միասին կիսենք հացը»,- ասաց նա։

Օրինակ, ըստ Հակոբյանի, վերջերս բավական մեծ քանակությամբ ալյուր էին ուղարկել Սիրիա, որտեղ լավաշ էին թխել ու բաժանել բոլորին։ Այդ մեկ շաբաթը, ըստ նախարարի, «հայկական լավաշի շաբաթ» է այնտեղ կոչվել։