կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 14:09
Քաղաքական

Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունը մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը. Փաշինյան

Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունը մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը. Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ հումանիտար առաքելությունը Սիրիա ճիշտ քայլ էր:

«Մենք Սիրիա գնացել ենք մեր ինքնիշխանության ու պատմական առաքելության նկատառումներով: Եթե այսօր մեր բժիշկները, որոնք այնտեղ արդեն 100-ից ավելի բժշկական միջամտություն են արել, փրկել են մի մարդու կյանք, որի պապը 1915-ի Ցեղասպանությունից մազապուրծ մեր մի հայրենակցի օգնել, մի կտոր հաց է տվել կամ մեկ բաժակ ջուր, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին: Եթե այսօր մեր մասնագետները 140 քմ տարածք են ականազերծում այն մարդկանց թոռների համար, որոնք ժամանակին ապաստան են տվել Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ մենք իրականացնում ենք Սիրիայում»,-  հայտարարեց նա:

Ըստ վարչապետի՝ այդ առաքելությունը Սիրիայում, անշուշտ, ունի ռիսկեր, բայց այն մեծացնում է ՀՀ-ի ինքնիշխանությունը և միջազգային սուբյեկտայնությունը: «Եվ արդյո՞ք սա բարոյապես ու մարդկայնորեն ճիշտ առաքելություն է, այո, ես համոզված եմ, որ դա ճիշտ առաքելություն է», - շեշտեց նա:

Հիշեցնենք, որ  Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված 83 հոգանոց խումբը  էր մեկնել Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):