Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կյուրեղյանը նախ նշեց, որ մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, երբ հնարավոր չէ ապացուցել թե' դրանց լուծելիությունը, թե' անլուծելիությունը: Նա հիշեցրեց, որ տարածված այդ պարադոքս խնդիրներից էր՝ ստախոսի դեպքը, վարսավիրինը:
«Վարսավիրի խնդիրը մի քիչ ավելի արդիական է. գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է գյուղում ապրող այն վարսավիրներին, ովքեր իրենք իրենց չեն սափրում: Հարց՝ այդ վարսավիրն ինքն իրեն սափրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն չպետք է սափրի: Իսկ եթե վարսավիրն ինքն իրեն չի սափրում, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն պետք է սափրի: Հակասություն է ստացվում: Նման հակասության խնդիր ձևակերպեցի ես Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ, երբ Դավիթաշեն վարչական տարածքում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիմա` եթե նա որպես վարչապետ էր այնտեղ ելույթ ունենում, ապա դա չի՞ դիտվում, արդյոք, որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե նա ելույթ էր ունենում որպես «ՔՊ»-ի նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում՝ իրականացնել ռեյդեր»,- հարցրեց Կյուրեղյանը:
Դիմելով Փաշինյանին` նա հարցրեց, թե այդ պահին հարթակում վարչապե՞տ Նիկոլ Փաշինյանն էր, թե՞ ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ պատգամավորի այս անգամվա՝ ոչ միամիտ լոռեցու հարցին կպատասխանի միամիտ կերպով. «Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի»:
Կյուրեղյանը հավելեց, որ կուզեր լսել իր հարցերի պատասխանը. «Բացի այդ՝ վերջերս հանրության մի մասի մոտ կարծիք է, որ Դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչև հանրահավաքի ղեկավար: Բնականաբար, շատերը ձեր կերպարի մեջ կուզեին տեսնել վարչապետի, քան հանրահավաքի կազմակերպչի: Դուք` ինքներդ, քանի տոկոս եք համարում ձեր մեջ վարչապետ և քանի տոկոս հանրահավաքի ղեկավար, միայն թե չասեք` հավասար կամ վարչապետն ավելի շատ, քանի որ դա, մեղմ ասած, անազնիվ կլինի»:
Փաշինյանն էլ պատասխանեց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով: «Ես, սովորաբար, իմ դիրքորոշումներում, անելիքներում ու ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Կարծում եմ՝ Ձեր հարցին պատասխանեցի: Ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը, և այն, ինչ այստեղից եմ ասում, շատ բաներ կան, որ կարող եմ հանրահավաքի ընթացքում էլ ասել՝ գուցե մի քիչ ավելի բարձր, որպեսզի վերջին շարքերին ավելի լսելի լինի: Իսկ քանի որ ԱԺ շարքերը նոսր են և գնալով նոսրանում են, այդ հանգամանքն ինձ հնարավորություն է տալիս Ձեր հարցին նաև այսպես պատասխանելու: Այնտեղ, որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ, ես խոսել եմ որպես վարչապետ, և այն, ինչ ես ասել եմ որպես վարչապետ, չի վերաբերել նախընտրական քարոզչությանը: Ինչ վերաբերել է նախընտրական քարոզչությանը, ապա ես խոսել եմ որպես մի մարդ, որն իրավունք ունի խոսելու նախընտրական քարոզչության վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը: