|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նախ և առաջ պետք է ճշտենք՝ ինչ կարգավիճակ ունի Հայաստանը և ինչ կարգավիճակով է Մոսկվա գնում Նիկոլ Փաշինյանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, գիտնական, հասարակական գործիչ Սուրեն Զոլյանը՝ խոսելով Փաշինյանի՝ Մոսկվա այցի նպատակի ու հետևանքների մասին։
«Եթե այսօր Հայաստանը ի վիճակի չէ ինքնուրույն պահել իր սահմանները, ապա չի կարող համարվել ինքնիշխան պետություն։ Միջազգային իրավունքում կան հասկացություններ՝ ինքնակառավարվող տարածք, պրոտեկտորատ և այլն։ Փաստորեն, պրոտեկտորատ չէ, որովհետև որևէ մեկը հանձն չի առել Հայաստանի պրոտեկտոր՝ պաշտպան հանդես գալու, ոչ էլ ճանաչվում է որպես ինքնակառավարվող տարածք, որի դեպքում պետք է ինչ-ինչ պետությունների միջազգային մանդատ տան, որ տիրություն անեն։ Այս հակասական վիճակում անհասկանալի է նաև Փաշինյանի կարգավիճակը՝ գնում է որպես անկախ պետության վարչապե՞տ, թե՞ այս ինքնակառավարվող տարածքի ղեկավար։ 1992 թ-ի պայմանագիրը, որով հստակեցվում է ռուս սահմանապահների կարգավիճակը մեր երկրում և որոնք պետք է պահեն միայն Թուրքիայի ու Իրանի հետ սահմանները, բոլորովին այլ իրավիճակում է ստեղծվել՝ այն ժամանակ կար միջազգային իրավունքի երկու սուբյեկտ, այսօր՝ բացակայում է»,-ասաց Սուրեն Զոլյանը։
Նա ընդգծեց, որ այսօր միայն Պուտինի մտադրությունները բավարար չեն նման քայլերի համար․ Ռուսաստանի համար բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը վերցնել այդ մանդատը՝ պրոտեկտոր կանգնելու, թե՞ոչ։
Նա նկատեց, որ Հայաստանը դարձել է ինքնակառավարվող տարածք, որի տիրությունը ոչ մեկը չի վերցրել։
«Եվ բնական է, որ այս տարածքը պիտի բաժանման առարկա դառնա հարևանների միջև»,-ասաց նա։
ՀԱՊԿ-ի վերջին հայտարարությունը շահարկողներին նա հիշեցրեց, որ այդ կառույցը, ունենալով խորը և բազմակողմանի ինֆորմացիաներ, սեպտեմբերի 15-ին Հայաստանին էր տրամադրել գաղտնի փաստաթղթեր, որտեղ նկարագրված էր Ադրբեջանի ագրեսիան։
«Փաստորեն, ամբողջը կար նկարագրված․ այդ փաստաթուղը ուղարկվել է Հայաստանին և առաջարկվել շտաբային զորավարժություններ անցկացնել, և որևէ արձագանք Հայաստանի կողմից չի եղել։ Այսինքն, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը մի բյուրոկրատական կազմակերպություն է, որին անպայման պետք է դիմել, ինքն էլ պատրվակ կգտնի, որ քեզ մերժի»,-նշեց նա։
Սուրեն Զոլյանը նշեց, որ մեր հարևանները չեն էլ թաքցնում Հայաստանից տարածքային պահանջները, անգամ հասկանալի է, որ Հայաստանը միայնակ ի վիճակի չէ դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի տանդեմին, բայց նաև Հայաստանն՝ ինքը պիտի ունենա նվազագույնը, որպեսզի կարողանա դիմադրել, այլ ոչ թե բոլոր հարցերը դնել Ռուսաստանի վրա։
«Այսինքն, պիտի լինի գործընկերների հարաբերություններ, այլ ոչ թե դայակի և անմեղսունակ երեխայի»,-ասաց Սուրեն Զոլյանը։
Նա հիշեց, որ 1990-ականներին էլ էր այդպես՝ Ադրբեջանը միշտ փորձում էր ավելին պոկել․ եթե միջնորդները ինչ-որ բան էին առաջարկում, և հայկական կողմն ասում էր՝ համաձայն եմ, Ադրբեջանի մյուս քայլը ոչ թե փոխադարձ բան տալն էր, այլ մի նոր բան ուզելը։ Այս կեցվածքը, նրա համոզմամբ, չի փոխվել։
Փաստն այն է, որ այսօր տիրում է անորոշություն․ իսկ երկրի ներսում կա լուրջ ուշադրություն ոստիկանական զորքի հանդեպ։
Սա Սուրեն Զոլյանին հիշեցնում է 1991 թ-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր հրաժարվել բանակից՝ ասելով, թե մեր ուժը մեր թուլության մեջ է։
«Այսինքն, մենք այն աստիճանի թույլ պիտի լինենք, որ դրսի աշխարհը խառնվի և մեզ պաշտպանի։ Բայց մենք այն տարածաշրջանում չենք, որ բանակ չունենանք և գոյատևենք։ Շռայլություն է ունենալ ոստիկանական զորքեր, որոնք պիտի պահպանեն իշխանությանը և կարգուկանոնը տարբեր եղանակներով․ մենք այն տարածաշրջանում ենք, որտեղ ունենք հարևաններ, որոնք չեն թաքցնում տարածքային պահանջները»,-ասաց նա։
Սուրեն Զոլյանը նշեց, որ հայկական շահը պետք է հակադրվի այս ամենին, բայց մենք չենք տեսնում այն ուժը, որը կհակադրվի, որովհետև եթե խոսքն այն մեխանիզմների մասին է, որոնք պիտի գործեն, այդ մեխանիզմները չեն գործում։
«Ադրբեջանի բանակը կարողացավ գրավել այն դիրքերը, որոնք նրանք ցանկանում էին, նրանց առաջխաղացումը ես չգիտեմ ինչ պատճառով է կանխվել, բայց բոլոր դեպքերում ոչ թե հայկական զորքի դիմադրության»,-նկատեց նա։
Սուրեն Զոլյանը չբացառեց, որ լինեն որոշակի պայմանավորվածություններ, որ ադրբեջանական զորքն ավելի առաջ չգա Հայաստանի տարածքում, դրա փոխարեն ռուսները օժանդակեն, որ սեղմ ժամկետներում բացվի Սյունիքի միջազնցքը դեպի Նախիջևան։
Քաղաքագետը խոսեց նաև 1994 թ-ի հրադադարի և 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, ինչպես նաև ուրվագծեց Արցախի հարցի կարգավորման հնարավոր սցենարներ։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․