Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` այսօր պլանավորված հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա: «Քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: Կան հարցեր, որոնք հետաքրքրում են Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք հետաքրքրում են նաև մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում:
Ըստ նրա` այդ հանդիպումները երեք կարևոր սկզբունքների հիման վրա պետք է կազմակերպվեն: Առաջին՝ սահմանադրականություն, երկրորդ՝ ՀՀ ներքին կայունություն, երրորդ` Հայաստանի անվտանգային միջավայրի կայունություն: «Մեր հարցերը կբխեն այս սկզբունքներից»,- ասաց պատգամավորը:
Աշոտյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել նաև ՀՀԿ խմբակցության նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել Փաշինյան-Բաղդասարյան հանդիպմանը: «Եղել է նաև անդրադարձ այդ կարևոր հարցին: Ես չեմ ցանկանում մինչև հնարավոր հանդիպումը հեղեղել տեղեկատվական դաշտը»,- ասաց նա:
Աշոտյանը կարևորեց քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: «Շատ կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերն իրար հետ խոսեն ոչ միայն հանրային հարթակներում՝ օգտվելով մամուլից, «Ֆեյսբուք»-ից, այլ նաև անձամբ, դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք բացառապես հրապարակային դաշտում, օրինակ` ես գրառում եմ կատարում «Ֆեյսբուք»-ում, վարչապետը կիրակի օրը լրագրողի հարցով այդ գրառմանը պատասխանում է, կարծում եմ` դա երկխոսության ձև է, բայց ոչ` ամենաարդյունավետը, որովհետև այս ձևի մեջ գերակայում են ավելի շատ քաղաքական շահերի, քան քաղաքական արժեքների դիրքերը»,- ասաց պատգամավորը: