Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գնաճը սպասելի էր. լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«ԵԱՏՄ անդամակցությունից հետո երկու տարով ազատված էինք որոշ ապրանքների մաքսատուրքերից, և պայմանավորվածություն կար, որ 2018-ից մաքսատուրքի հետ կապված փոփոխություններ պետք է սկսվեին, ակնհայտ էր, որ դա բերելու էր գնաճի»,- բացատրեց պատգամավորը ու ևս մեկ անգամ շեշտեց, որ հայտնի էր` նույն մաքսային տարածքում գործելու պարագայում 750-800 ապրանքներ` առաջին անհրաժեշտության, թանկանալու են:
Ըստ նրա` կա նաև նաև ակցիզային ապրանքների դրույթների մեծացում, տրանսֆերտների ծավալի փոքրացում, ինչպես նաև դոլարի ու եվրոյի արժևորում, ինչը ևս առաջացնում է թանկացումներ:
Բոստանջյանը նշեց, որ 2018-ին ևս գոտիները ձգած ռեժիմում պետք է գտնվենք, սակայն կառավարության կողմից արվող քայլերը թույլ են տալիս ենթադրել, որ հաջորդ տարի կստեղծվեն նախադրյալներ մեր ունեցած խոչընդոտները ստուգելու համար:
Հանդիպմանը ներկա` «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ ԵԱՏՄ-ով չպետք է պայմանավորել գնաճը: Ըստ նրա` երկու տարի ՀՀ-ն ԵԱՏՄ անդամագրումից հետո ստացավ մաքսատուրքերի արտոնություն: «Գնաճը սրանով պայմանավորված չէ, սա չպետք է խուճապ առաջացնի հանրության շրջանում»,- ասաց տնտեսագետը:
Մանասերյանի կարծիքով` եթե միջինացված նայենք, ապա գնաճը ստացվում է շատ զուսպ թիվ, բացի այդ` հանրությանը պետք է ներկայացնել առաջին տասը ապրանքների գները: «Այդ ապրանքատեսակները պետք է թիրախավորված լինեն կառավարության կողմից, և դրանց գները պետք է վերահսկվեն, ինչը չի արվում: Միայն ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությամբ գնաճը զսպել հնարավոր չէ, մենք ներմուծող երկիր ենք և ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլ նաև գները: Միայն ԿԲ-ին վերագրել գնաճը ճիշտ չէ, պետք է պետության վերահսկիչ և կանխարգելիչ դրույթները զգացվեն, և ժողովուրդն ինքն էլ դա պետք է զգա»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով տնտեսական աճին` Մանասերյանը նշեց, որ 4,5-5% աճն ամոթալի թիվ է: «Արցախը տարին կփակի 17%-ով աճով: Պետք է ճանաչել` այդ գաղտնիքը որն է: Բայց գաղտնիք էլ չկա, հետևողական աշխատանք է պետք: Արցախը կարող է մեզ համար լավագույն օրինակը լինել: Նման տեմպերով հետ ենք ընկնում, քան առաջ»,- ասաց նա:
Մանասերյանը նաև շեշտեց, որ սա չէ մեր երկրի պոտենցիալը, և որ կա նախաձեռնողականության, լուրջ աշխատանքի, կադրային ճիշտ ընտրության դեֆիցիտ: