Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թե հեղափոխության առաջամարտիկներ են, բայց խորհրդարանում, ռեստորաններում, «քուչեքում» բանակցությունների մեջ են ՀՀԿ-ի հետ, որ դուք մեզ աջակցեք քաղաքապետի ընտրություններում ձեր ընտրակեղծարար մեխանիզմներով, մենք ձեզ աջակցենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն: Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ ըստ ձեզ ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը եւ արդյոք դուք նման բանակցությունների մեջ եք ՀՀԿ-ականների հետ: Նա պատասխանեց. «Նախ, պետք է դուրս գանք ի վերջո այս խորհրդավորության դաշտից, կասկածանքի մթնոլորտից: Եթե բան կա ասելու՝ ասեք կոնկրետ անուններով, այլ ոչ թե ես պիտի մեկնաբանեմ պարոն Փաշինյանի ասածը կամ իր մտքերը»:
Ռուստամյանն ասաց, որ իր տպավորությամբ դա քարոզչական հնարք էր, որ հասարակության ուշադրությունը շեղվի ՔՊ-ի թեկնածուի անհաջող մեկնարկից:
Ըստ Ռուստամյանի, այն հայտարարությունները, որ արեց Հայկ Մարությանը՝ սեւ ու սպիտակի բաժանումը, մեր դեմ խաղ չկա եւ այլն, քննադատվեց ու Փաշինյանն ուզում էր ինչ-որ բեկում մտցնել այդ անհաջող մեկնարկից. «Ի վերջո խնդիրը նրա մասին է, որ ոչ թե մենք քաղաքապետ ենք ընտրում, ավագանի ենք ընտրում, այլ այս քվեարկությունը ավելի շատ խորհրդարանի լուծարման քվեարկություն է: Մենք հարցն այդ դաշտ չէինք տեղափոխի»:
Ռուստամյանն ասաց, որ վաղուց են հայտնել իրենց տեսակետը՝ պատրաստ են գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների ու որեւէ խոչընդոտ չեն տեսնում. «Դա պատրաստ ենք կատարել հստակ ճանապարհային քարտեզով, որ նորից կրքեր չբորբոքվեն: Կատարվի իսկապես համախոհությամբ»:
Մենք ճշտեցինք՝ համենայնդեպս, ռեստորաններում, քուչեքում, ինչպես պարոն Փաշինյանն է ասում, հանդիպումներ ՀՀԿ-ականների հետ ունենո՞ւմ եք՝ Ռուստամյանը պատասխանեց. «Նախ պետք է հասկանալ, թե որտեղից պարոն վարչապետին այդ տեղեկատվությունը, տեսել են, խոսակցություն են արձանագրել, ձայնագրել են՝ թող հրապարակեն, մենք էլ իմանանք: Եթե տեսաձայնագրվել է խոսակցությունը, դա էլ հարց է…դա տեղափոխում է այլ հարց: Թող հրապարակեն ու ասեն, մենք որեւէ ձեւով դրա հետ կապված չենք: Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր է, կասկածանքով կարելի է պաշտպանվել, բայց չի կարելի հարձակվել»:
Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ վարչապետը ՀՅԴ-ին նկատի ունի՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց՝ միանշանակ, տրամաբանություն դրա մեջ չկա:
Ըստ Ռուստամյանի, ստացվում է, որ ՀՀԿ-ն ընտրակեղծիքների ներուժը դեռ պահպանվում է. «Ընտրական բոբո պետք չի սարքել, ակնհայտ է չէ՞, որ հնարավոր չի համատարած ընտրակեղծիքներ անել երկրում, որտեղ դու ամբողջական իշխանություն չունես: Ստվերային պայմանավորվածության գնաս ինչի՞ վերաբերյալ, կեղծիքներ անելու մասի՞ն: Եթե ուղիղ նայենք այս հայտարարությանը, սա հայտարարություն է՝ հանցագործության մասին: Ամենալավ ցայտուն օրինակն է սահմանադրական կարգի տապալման, եկեք բացատրեք ո՞վ են այդ մարդիկ, ովքեր ուզում են սահմանադրական կարգը տապալել՝ ընտրությունները կեղծելով: Չի կարելի հայտարարություն անել ու այդպես մնա: Այդ հայտարարությունից պետք է հետեւեն քայլեր, պետք է շատ հստակ ասի՝ ովքե՞ր են այդ դավադիրները, ապացուցի ու վերջացնե՛նք հարցը, թե չէ այսպես մենք ո՞ւր կգնանք»:
Ռուստամյանն ասաց. «Մեզ ոչ մեկի աջակցությունը, որպես քաղաքական ուժ, պետք չի այսօր, մենք մեր ընտրազանգվածն ունենք, մեզ պետք է երեւանցիների աջակցությունը: Իսկ այնպիսի աջակցություն, որի մասին խոսվում է, այդպիսի աջակցություն մեզ բացարձակ պետք չի»:
«ԱՌԱՎՈՏ»