Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը Linkedin-ի իր էջում ծավալուն վերլուծություն է ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահի կողմից ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ժամկետների հետ:
Ստորև ներկայացված վերլուծությամբ փաստաբանը եզրահանգման է գալիս, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանում է Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը առարկություններով վերջինին վերադարձնելուց հետո ութերորդ/իններորդ օրը, այսինքն Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ (քանի որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է:
«Վերջին շաբաթվա ընթացքու տարբեր կարծիքներ հնչեցին առ այն, թե ինչ ժամկետում պետք է Հանրապետության նախագահը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով իրեն ներկայացված վարչապետի միջնորդությանը կից ներկայացված նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը (Օնիկ Գասպարյանին ՀՀ Գլխավոր շտաբի պաշտոնից ազատելու մասին): Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էի, որ գործընթացն առոչինչ է, և չի առաջացնում իրավական հետևանքներ, և որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել (չունի որոշման ազատություն) Սահմանադրական դատարան:
Քննարկման առարկ է դարձել, թե ինչ ժամկետում է Հանրապետության նախագահը պարտավոր դիմել Սահմանադրական դատարան: Որոշ վերլուծություններում նշվում է, որ Նախագահը պետք է Սահմանադրական դատարան դիմել վարչապետի կողմից առաջարկությունը կրկին ներկայացնլեուց հետո եռօրյա ժամկետում, մյուսները նշում են, որ եռօրյա ժամկետը պետք է հաշվարկվի Հանրապետության նախագահի կողմից առաջին անգամ ներկայացված միջնորդությունը վերադարձնելուն հաջորդող հինգօրյա ժամկետից հետո (այսպես կոչված ութօրյա ժամկետ):
Սույն վերլուծությամբ հիմնավորում ենք, որ Հանրապետության նախագահն իրավասու է Սահմանադրական դատարան դիմել ութօրյա ժամկետում:
1. Ժամանակագրություն
2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:
2021 թ. փետրվարի 27-ին Հանրապետության նախագահն արձանագրել է,
«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:
Համապատասխանաբար, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:
2021 փետրվարի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում արձանագրել է
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին:
2021թ. մարտի 1-ին Հանրապետության նախագահը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես արձանագրել է՝
Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:
Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով
Այսպիսով, ժամկետների մասին հիմնական հարցադրումը հետևյալն է՝ որ առաջարկվող նախագաիծը չի համապատասխանում Սահմանադրությանը (ինչպես նշված է հաղորդագրության մեջ), մինչև երբ է իրավասու Սահմանադրական դատարան դիմել Հանարապտեության նախագահը՝ մինչև մարտի 4/5-ը (առարկությունները ստանալուց հետո երրորդ օրը /կամ դրան հաջորդողղ օրը - ակտերի ուժի մեջ մտնելու օրը (վերջին օրը կամ հաջորդ օրը) սույն վելրուծության առարկայից դուրս է, դրա համար առանձին չեմ անդրադառնում/, թե մինչև մարտի 7/8 - քանի որ ոչ աշխատանքային օր է, ապա՝ մինչև մարտի 9՝ իր առարկությունները վարչապետին ներկայացնելուց հետո ութերորդ օրը (առարկություններն ընդունելու համար նախատեսված հինգօրյա ժամկետից ավարտից հետո երրորդ օրը):
2. գործող իրավական ակտերի վերլուծություն
Որպես հարցի քննարկման առաջին կետ պետք է անդրադառնանք Սահմանդրության տեքստին: Համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի (որը կարգավորում է Հանրապետության նախագահի իրավական ակտերը և դրանց ընդունումը) 2-րդ և 3-րդ մասերի
«2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:»
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանի իրավասությունը սահմանված է Սահմանադրության 168-րդ հոդվածում, որի 1-ին մասի 1)-ին կետի համաձայն
«Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.
Սահմանադրության 169-րդ հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված իրավահարաբերությունները (ով կարող է դիմել որ հարցով): Նշված հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետի համաձայն՝
«1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝
4) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում.»
Նշված նորմերի վերլուծությունից կարելի է կատարել երկու եզրահանգում
Սահմանադրությունը տարանջատում է Հրամանագրերի սահմանադրականնության հարցով ՍԴ դիմելու (168-րդ հոդվածի 1-ին կետ) և վարչապետի առաջարկությանը կից ներկայացված հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցով (139-րդ հոդվածի 2-րդ մաս) Հանրապետության նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելու դեպքերի միջև, և
Սահմանադրական դիմելու հարցով որևէ ժամկետ ուղղակի կերպով (explicit) Սահմանադրությամբ սահմանված չէ, սակայն նշվածը կարող է բխել այլ նորմերի վերլուծությունից, ինչի մասին ավելի մանրամասն կներկայացնենք ստորև:
Միևնույն ժամանակ Սահմանադրության 139-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարան դիմելու՝ Հանրապետության նախագահի իրավասությունը (և դրա իրագործման ժամկետը) կապում է համապատասխան ակտի ուժի մեջ մտնելու հետ: Չնայած ուղղակիորեն ժամկետային սահմանափակում չկա, սակայն ըստ էության Սահմանադրությունը դա փոխկապակցում է ակտի՝ ուժի մեջ մտնելու հետ: Ասյինքն Հանրապետության նախագահը 139-րդ հոդվածի 2-րդ մասով իրավասու է դիմել Սահմանադրական դատարան ցանկացած ժամանակ, քանի դեռ նախագիծը իրավունքի ուժով չի մտել ուժի մեջ (դրանից հետո Հանրապետության նախագահը կարող է վիճարկել արդեն իսկ ուժի մեջ տած հրամանագրի սահմանադրականությունը 168-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա):
Հիմնական վեճը ժամկետների հետ կապված առաջանում է օրենսդրությունում առկա հնարավոր հակասությունների պատճառով (իրականում հակասություն չկա, ինչպես ցույց կտրվի ստորև):
Ժամկետները հստակեցված են Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով (ՍԴ մասին օրենք) և նաև ժամկետներ են սահմանված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով (Զինծառայության օրենք)
Այսպես ՍԴ մասին օրենքի 86-րդ հոդվածը կարգավորում է 139-րդ հոդվածի 2-րդ մասով [150-րդ հոդվածով] նախատեսված հարցերով գործի քննությունը Սահմանադրական դատարանում: Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առաջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:»
Միևնույն ժամանակ Զինծառայության մասին օրենքի 35.1-րդ հոդվածը կարգավորում է ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն (վաչապետը միջնորդությունը ներկայացրել է նշված իրավական հիմքով, և անկախ դրա իրավաչափ ու կիրառելի լինելու կամ չլինելու հանգամանքից Սահմանադրական դատարան դիմելու հարցը կարգավորվում է նաև այս մասով) Հանրապետության նախագահի հրամանագիր ընդունելու կարգը (ներառյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը): Համաձայն նշված հոդվածի 3-5-րդ մասերի՝
«3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:»
Այսպիսով ՍԴ մասին օրենքը (որը Սահմանադրական դատարանի գործունեությունը կարգավորող օրենքն է) սահմանում է եռօրյա ժամկետ՝ Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու դեպքում սահմանադրական դատարան դիմելու համար:
Միևնույն ժամանակ ՍԴ մասին օրենքը չի կարգավորում (և վերջինիս կարգավորման առարկայից դուրս է) վարչապետի կողմից առարկությունները ընդունելու կամ չընդունելու հարցը, ներառյալ դրա ձևը և ժամկետները):
Դրան զուգահեռ Զինծառայության մասին օրենքը՝ ի հավելում Սահամնադրական դատարան դիմելու ժամկետի (կրկին եռօրյա ժամկետ է սահմանված, ինչով և այն համապատասխանում է ՍԴ մասին օրենքին), նաև սահմանում է վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընունելու կարգը, այն է առարկությունները ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետը չի դիմում Հանրապետության նախագահին դրանք ընդունելու մասին, կամ Հանրապետության Նախագահին վերադարձնում է միջնորդությունը և անցնում է հինգ օր:
Այսինքն, Նախագահի առարկությունները համարվում են չընդունված միայն Հանրապետության նախագահի կողմից առարկությունները ներկայացնելուն հաջորդող հինգերորդ օրը և ոչ ավելի շուտ:
Նշված օրենքների համադրված վերլուծությունը բխում է նաև նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման կանոններից: Այսպես Նորմատիվ իրավական ակտերի 41-րդ հոդվածը սահմանում է նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման կանոնները, համաձայն որի
«1. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»
Նշվածի համաձայն պետք է հաշվի առնել ՍԴ մասին օրենքում սահմանված ժամկետների դրույթների (դրանց հաշվարկման սկզբի հարցը որոշելիս) ընդունման նպատակը և ընդհանուր առմամբ Սահմանադրական կարգավորումները: Նշվածի համաձայն օրենքների մեկնաբանման կարևորագույն կանոններից է դրանց՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանումը:
Այսինքն, եթե հնարավոր է երկու մեկնաբանություն (եռօրյա ժամկետը հաշվում են վարչապետի գրությունը Հանրապետության նախագահի կողմից ստանլու պահից և եռօրյա ժամկետը հաշվարկվում է առարկություններ ներկայացնելու հնգօրյա ժամկետը անցնելու պահից), պետք է ընտրվի այնպիսի մեկնաբանություն, որը կհամապատասխանի օրենսդրի կամքին և Սահմանադրությանը (և սահմանադրի կամքին):
Այս համատեքստում կարևոր է Սահմանադրության կարգավորումները Նախագահի կարգավիճակի և գործառությների վերաբերյալ, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ սահմանելու նպատակը: Այսպես, համաձայն Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի՝
«2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:»
Նշված գործառույթից և Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների համադրված վերլուծությունից բխում է, որ Հանրապետության նախագահը իրավասու է դիմել Սահմանադրական դատարան ցանկացած ակտի սահմանադրականության հարցով՝ առանց ժամկետային սահմանափակման:
Հետևաբար 139-րդ հոդվածի 2-րդ մասի գործերով Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ սահմանելն ունի միայն մեկ նպատակ, դա գործընթացների բնականոն ընթացքը չխաթարելն է: Իրականում նշված ժամկետը նախատեսվել է ոչ թե որպես ժամկետային սահմանափակում Սահմանադրական դատարան դիմելու համար (ի հակադրություն անհատական դիմումների համար նախատեսված ժամկետների), այլ նախատեսված է հրամանագրի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու իրավական ֆիկցիան իրագործելու նպատակով: Ինչպես նշվեց վերը Հանրապետության նախագահը կարող է դիմել դատարան նշված հիմքով այնքան ժամանակ, քանի դեռ ակտը ուժի մեջ չի մտել իրավունքի ուժով, հակառակ դեպքում կստացվի դեպք, որ Հանրապետության նախագահը զրկված կլինի իրավական ակտը (կամ նախագիծը) Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորությունից և հետևաբար զրկված կլինի Սահմանադրության պահպանման իր գործառույթն իրականացնելու հնարավորությունից, ինչը որևէ մեկնաբանության արդյունքում չի բխում Սահմանադրությունից:
Միանշանակ է, որ Զինծառայության մասին օրենքի 35.1-րդ հոդվածի հիման վրա նախատեսված նախագահի հրամանագիրը՝ Հանրապետության նախագահի կողմից դրա սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, ուժի մեջ կմտնի Հանրապեության նախագահի առարկությունները վարչապետին ներկայացնելուց հետո դրանց հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու համար նախատեսված հնգօրյա ժամկետը ավարտվելուց հետո եռօրյա ժամկետը լրանալցու հետո (չորրորդ օրը), և ոչ ավելի շուտ:
3. Ժամկետների հարցով այլ մեկնաբանության «անհեթեթ» հնարավոր հետևանքները, որպես ևս մեկ մեկնաբանության գործիք
Ժամկետների հարցով տարբերվող մեկնբանությունը բերում է նաև այլ հակասության (կազուսային վիճակի): Զինապարտության մասին օրենքի 35.1-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորում են այն դեպքը, երբ Հանրապետության նախագահը ամեն դեպքում օրենքով սահմանված ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան: Համաձայն նշված կարգավորումների՝
«4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն»:
Օրենքը չի սահմանում, թե ինչ պետք է լինի, եթե ակտը դեռևս ուժի մեջ չի մտել (քանի որ օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան), իսկ վերջինս այլ կերպ մեկնաբանելով ՍԴ մասին օրենքը վարույթ չի ընդունում դիմումը, նշելով որ այն չի ներկայացվել ՍԴ մասին օրենքով սահմանված ժամկետում: Այդ դեպքում առկա չի լինի ոչ Սաահմանադրական դատարանի որոշում հրամանագրի նախագիծը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու, ոչ էլ հակասող ճանաչելու վերաբերյալ: Այս դեպքում փաստացի ակտը ուժի մեջ չի մտնի, սակայն նախագծի սահմանադրականությունը նույնպես քննության առարկա չի դառնա: Կստացվի, որ Հանրապետության նախագահը ստանում է գործիք խաթարելու խորհրդարանական երկրին բնորոշ գործընթացները:
Հետևաբար տվյալ երկու օրենքերի մեկնաբանման ցանկացած կանոնի կիրառման դեպքում պետք է գալ եզրահանգման, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանում է Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը առարկություններով վերջինին վերադարձնելուց հետո ութերորդ/իններորդ օրը, այսինքն Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ (քանի որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է: