Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է ընտրական բարեփոխումների համար մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը ձեռնարկել է գործողությունների ամբողջություն` քաղաքացիների կամաարտահայտությունների վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար: Նրա խոսքով` քաղաքացիներն առաջիկա ընտրություններին պետք է լինեն ազատ և կարողանան ընտրել անկաշկանդ:
«Ներկայացնում ենք Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում կատարվող մի շարք փոփոխություններ` այս խնդիրը լուծելու համար: Առաջարկում ենք ընտրախախտումների դեպքում նախատեսված մի շարք պատիժները խստացնել` միջին ծանրության հանցագործությունները դարձնել ծանր հանցագործություններ, որոշ արարքներ էլ ապաքրեականացնել: Առաջարկում ենք բարեգործության հետ միաժամանակ քարոզչություն իրականացնելը քրեականացնել: Թեկնածուի կամ դաշինքի կողմից քարոզչության ընթացքում դրամ խոստանալը, տալը քրեականացնել. դա այսօր ուղղակիորեն նմանվում է ընտրակաշառք տալուն կամ խոստանալուն հոդվածին, իսկ դա քրեական է»,- ասաց նա:
Փոխնախարարը ներկայացրեց նաև մի շարք այլ առաջարկություններ, որից հետո նրան արձագանքեց հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ կողմ է խստացնելուն, կողմ է, որ ընտրակեղծարարները պատժվեն, սակայն մտահոգություններ ունի, որոնք կապված են քաղաքացիների հետ: Նա բերեց օրինակներ և հնչեցրեց հարցադրումներ. «Ներկայիս ՔՕ-ով նախտեսվում է պատասխանատվություն ընտրակաշառք ստանալու համար: Առաջարկվող փոփոխությունով ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը նույնպես համարվում է ընտրակաշառք: Հիմա ենթադրենք` ընտրակեղծարարը որևէ գյուղում թակում է քաղաքացու դուռը, ինչ-որ տատիկի ասում` եթե մեզ ընտրես, ընտրությունների ժամանակ քեզ գումար կտանք: Տատիկը ժպտում է, ասում` լավ, և դուռը փակում է: Տատիկին դատապարտո՞ւմ ենք «լավ» ասելու համար: Իմ մտահոգությունը հետևյալն է` ո՞րն է խոստումն ընդունելը: Ժպտաց, ասաց` լավ, աչքերը ճպճպացրեց, ասաց` այո, խոստումն ընդունե՞ց»:
Հովհաննիսյանն անդրադարձավ ընտրողի կողմից ընտրակաշառք պահանջելու վերաբերյալ փոփոխությանը: «Ընտրության շրջանում մարդը մտնում է որևէ հիմնադրամ, որոնք ասոցացվում են կուսակցությունների հետ` «Իմ քայլը», «Ծառուկյան», «Լույս», «ՀՀԿ», օրինակ եմ բերում, և ասում է` բարև ձեզ, հայրս սրտի վիրահատության խնդիր ունի, անհրաժեշտ է գումար: Սա ընտրակաշառքի պահա՞նջ է, կամ ասում է` ես ձեր աջակիցն եմ, միշտ ձեզ եմ ընտրել, երեխայիս դեղի խնդիր կա: Սա ընտրակաշառք պահանջել համարվո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր մտահոգություններն ուղղված են քաղաքացիների շահերը պաշտպանելուն: «Բարեգործությունը քրեականացնում եք, ասում եք` բարեգործության անվան տակ ընտրողներին դրամ, սննդամթերք է բաժանվում: Սեպտեմբերին միշտ բաժանվել են նման բաներ, հիմա համընկել է արտահերթ ընտրությունների շրջանի հետ, եթե նորից բաժանվում է` ինչպես ամեն տարի, դա ընտրակաշառք բաժանե՞լ է»,- հարցրեց նա և շեշտեց. «Պրոֆեսիոնալ ընտրակեղծարարներին պատժեք` ինչքան ուզում եք»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էլ հետաքրքրվեց կառավարության ներկայացուցչից. «Քարոզիչն ի՞նչ պետք է ասի, որ ձեր օրենքի մամլիչի տակ չընկնի»:
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Պետք է խոստանա, որ գլուխը կջարդի»:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր հերթին նշեց, որ վարչապետ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, մի լավ խոսք ուներ. «Չի կարելի ամեն ինչ սղղացնել»:
Մեկ այլ ՀՀԿ-ական` Ալիկ Սարգսյանը, նշեց` պետք է քաղաքացուն ասել` դուռը մի' բացեք, հենց բացեցիք կընկնենք կրակը:
Մախմուդյանը շարունակեց. «Երբ ասվում է ընտրությունների քարոզչության ժամանակ սննդամթերք, արժեթղթեր և այլն են բաժանվում, հարցս տարօրինակ կարող է թվալ` սննդամթերքի տակ ի՞նչ է մտնում, պերաժկի՞ն, վարո՞ւնգը, թե՞ ինչը»:
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ոմանց համար խոտն էլ ա սնունդ»:
Նրա դիտարկումը հարուցեց հանձնաժողովականների ծիծաղը: