Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք պետք է շարունակենք մնալ այն հիմքի վրա, որ մեր երկրում գործում են օրենսդրական կարգավորումներ, Սահմանդրություն և դա որևէ ձևով շրջանցելն ուղղակի անընդունելի է, մեզ ամբողջ աշխարհը չի հասկանա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անրդադառնալով վարչապետի սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրությանը:
Ռուստամյանի խոսքով` Հայաստանը տարբեր միջազգային կառույցների հետ ձևավորել է օրենսդրական դաշտը և այդ օրենսդրական դաշտը մեկ օրում ոչնչացնել հնարավոր չէ: «Մենք հակասահմանադրական որևէ միջոցառման կամ ծրագրի չենք պատրաստվում մասնակից դառնալ»,- հայտարարեց նա:
Պատգամավորը հայտարարեց, որ վարչապետի կողմից հրապարակում հնչեցրած բոլոր գաղափարները քննարկման կարգ ու ձև ունեն: «Բայց դատարաններ կան, պետական մարմիններ կան, և մեկ օրում համարել, որ դրանք գոյություն չունեն, ճիշտ ճանապարհ չէ: Ես չեմ կարծում, որ վարչապետը դա նկատի ունի, քանի որ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լավատեսությունն, այդ առումով, ավելի մեծացել է: Մենք էլ պատրաստ ենք բոլոր քննարկումներին մասնակցել, մեր լուման բերել, հասկանանք` ինչ ենք ուզում անել և ինչի համար»,- հայտարարեց նա:
Ռուստամյանը շեշտեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այսօր մեկ ճանապարհ ունեն` դա երկու անգամ վարչապետ չընտրելն է: Նա նաև ասաց, որ չի կարծում` վարչապետի մտավախությունը տեղին է, թե խորհրդարանը կարող է գաղտնի վարչապետ ընտրել: «Եթե նա ինչ-որ դավադրություններ է տեսնում, վարչապետի խոսքից դա կարելի էր նկատել, ես, ճիշտն ասած, դրա հիմքերը չեմ տեսնում: Առայժմ չի եղել նման դեպք, որ մի բան պայմանավորվենք ու չարվի: ԱԺ-ն իր այսօրվա կարգավիճակով որևէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքներին, այն օրենքները, որ պետք են, ընդունում է, անգամ անձեռնմխելիությունից զրկեց իր գործընկերոջը: Չեմ պատկերացնում, թե այդ կասկածանքն ինչից է առաջացել, եթե կա այդպիսի կասկածանք, ճիշտ կլինի դրա մասին խոսենք, հասկանանք՝ դա իրակա՞ն է, թե՞ոչ»,- ասաց նա:
Պատգամավորն արձանագրեց, որ եթե այդ կասկածանքը փարատելու համար այդ ճանապարհն է ընտրվում, դա նորից պետք է ԱԺ միջոցով կատարվի: «Դրա համար 70 ձայն է պետք, էլի նույն ԱԺ-ն պետք է անի, չէ՞: Եթե նախապես կա այն տպավորությունը, որ այստեղ ինչ-որ դավադրություններ կան, 70 ձայնի դեպքում չի աշխատո՞ւմ այդ դավադրությունը»,- նշեց նա:
Եթե ժողովուրդն է որոշում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, Ռուստամյանի խոսքով, ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Նրա խոսքով՝ չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում: Նա նաև հավելեց, որ իրենք դեմ չեն հանրաքվեին, սակայն այդ դեպքում բոլոր հարցերը պետք է դրվեն հանրաքվեի և ոչ միայն այս մեկը: