կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-27 15:30
Առանց Կատեգորիա

Անառակ որդու վերադարձը

Անառակ որդու վերադարձը

Երկրում կարծես թե սկսվել է ներգաղթի հզոր ալիքը: Ամեն դեպքում Հայաստանի քաղաքացիների թիվը համալրվեց եւս երկուսով՝ Դեն եւ Ադամ Բիլզերյաններ եղբայրներն այսօրվանից ՀՀ հպարտ քաղաքացի են: Ի դեպ, ՀՀ քաղաքացիների թիվը կարող էր ավելանալ եւս մեկ հոգով՝ այն սեւահեր աղջիկը, որն ուղեկցում է Դենին՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, բայց կամ այդ աղջիկը չի ուզում դեռ դառնալ մեր երկրի քաղաքացի կամ էլ Դենն է դեմ: Չնայած հնարավոր է, որ շուտով Հայաստանի քաղաքացիների թիվը զգալիորեն մեծանա ու բոլոր այն կանայք, որոնք անկախ մարմնի ու մազերի գույնից երբեւէ առնվազն լուսանկարահանվել են Դենի հետ որոշեն դառնալ ՀՀ քաղաքացի:

Թե Ֆերրարի վարող Դենի ինչին է պետք ՀՀ անձնագիրը, դժվար է ասել: Հնարավոր է, որ մարդը վեգասյան հերթական գիշերներից մեկի ժամանակ բացել է աչքերը մի սեւամորթ գեղեցկուհու գրկում եւ հանկարծ հայրենիքի կանչ է զգացել ու որոշել վերադառնալ՝ կիսելով ՀՀ քաղաքացիների դարդերն ու ուրախությունները, ավելի ճիշտ՝ ուրախությունները, քանի որ Դեն Բիլզերյանն առանձնապես դարդ կիսող չէ, բացի այդ նոր Հայաստանում դարդեր առանձնապես չկան, քանի որ բոլորս ժպտերես ենք ու դուխով: Չի բացառվում, որ Դենն ուղղակի քաղաքական նկրտումներ ունի, օրինակ նա պատրաստվում էր 2016-ին առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, չստացվեց, եւ ահա հիմա որոշել է Հայաստանից մտնել աշխարհաքաղաքական թատերաբեմ, օրինակ սկսելով Երեւանի ավագանու ընտրություններից:

Չնայած մայրաքաղաքի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել ու Բիլզերյանը հազիվ թե հասցնի դրանց մասնակցել՝ թեկնածուի կարգավիճակում, այլ հարց է, որ Երեւանի քաղաքապետ ընտրելու է նաեւ Դենը, տեսնես ո՞ւմ…Մյուս կողմից, հնարավոր է՝ պարոն Դեն Փոլովիչ Բիզլերյանին համոզել են, որ նա դառնա ՀՀ քաղաքացի, որպեսզի իր պահեստներում առկա զինամթերքը բերի հասցնի Հայաստան: Դե այսինքն լուրջ մտադրություն կա՝ Բաքվում թեյ խմելու ու այդ նպատակով ստեղծվելու է Արցախից Դեն հատուկ ջոկատը, որի հրամանատարը լինելու է ինքը Բիլզերյանը: Ջոկատը կազմված է լինելու բացառապես կանանցից ու ունենալու է ժամանակակից զենք: Ի դեպ, համաձայն սահմանված կարգի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Բիլզերյանն այցելել է նաեւ զինկոմիսարիատ եւ հաշվառվել: Հիմա նա համարվում է զինապարտ…Մի խոսքով, տարբերակները շատ են, թե ինչու է Դենը որոշել դառնալ ՀՀ քաղաքացի. չի բացառվում, որ նրան խնդրել են նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը, իսկ դա Բիլզերյանն ավելի լավ է կարողանում, քան պոկեր խաղալը:

Այնուամենայնիվ լավ է, որ Բիլզերյանի այցը էականորեն տարբերվում է Մերկելի այցից: Եթե Գերմանիայի կանցլերին ընդունեցին ՀՀ ղեկավարները, ապա Բիլզերյանին չեն պատրաստվում, ամեն դեպքում օրակարգում նման հարց չկա: Վարչապետ Փաշինյանն, օրինակ նախընտրել է այցելել Գումի շուկա՝ Պոկերի հայազգի արքային ընդունելու փոխարեն: Սա նշանակում է, որ Դենը բավականին ազատ ժամանակ կունենա Հայաստանում, կհաստատի նոր կապեր, գուցե նաեւ սիրահարվի, որոշի մնալ Հայաստանում, տուն կառուցել, ծառ տնկել եւ որդի ունենալ ու մի լավ քեֆ անել՝ 18+ անշուշտ:

Ամեն դեպքում, երբ ընտրություններին գնաք ընտրական տեղամաս ու ձեր անվան կողքին տեսնեք Դեն Բիլզերյան անունը, չզարմանաք. իրավիճակ է փոխվել:

Հովիկ Աֆյան