կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-23 18:01
Իրավական

Պալաչ-Ծառուկյան հակամարտությունը քրեական երանգ է ստանում. ինչո՞վ է բացառիկ քրգործը

Պալաչ-Ծառուկյան հակամարտությունը քրեական երանգ է ստանում. ինչո՞վ է բացառիկ քրգործը

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների գործունեությանը խոչընդոտելուն, հիշյալ ընկերությունները սնանկացման հասցնելուն, ապա «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից դրանք ձեռք բերելուն:

Նշենք, որ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների նախկին սեփականատերը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանն է`Պալաչը: Իսկ «Մուլտի Ավտոտրանս» ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Yerkir.am-ի տեղեկություններով` շուրջ 10 օր առաջ Արթուր Հարությունյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դեմ անձամբ է հաղորդում ներկայացրել ՀՔԾ: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղից էլ` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

«Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, ինչի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արդյունքում՝ հիշյալ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ: Հաշվի առնելով հաղորդման մեջ նշված հանգամանքները` 2018թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Yerkir.am-ի հետ զրույցում Արթուր Հարությունյանը հայտնեց, որ ինքը հանրապետությունում չէ և վերադառնալուց հետո կպատասխանի մեր հարցերին: Մեզ հասած տեղեկություններով` նա այս օրերին ընտանիքի հետ հանգիստն է անցկացնում Բրյուսելում:

Նշենք, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է կիրառվում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (հակամրցակցային գործունեություն) հոդվածը: Քրեական օրենսգրքով նախատեսված տվյալ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախկինում տարբեր ընկերությունների կողմից հակամրցակցային գործունեություն ծավալելու վերաբերյալ դեպքերը սահմանափակվել են ՏՄՊՊՀ-ի կողմից վարչական վարույթների հարուցմամբ, իսկ այս դեպքում արդեն գործ ունենք ենթադրյալ հանցագործության հետ:

Yerkir.am-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը հայտնեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թեև տնտեսվարողից նոր դիմում-բողոք չի ստացել, սակայն, հաշվի առնելով ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը, ուսումնասիրություն կիրականացնի՝ պարզելու մրցակցային խնդիրների հնարավոր առկայության հանգամանքը:

Նշենք, որ դեռևս 2012թ. «Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունները դիմում էին ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։ Տնտեսվարողները դժգոհություն էին հայտնել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսները խոչընդոտում են իրենց կանոնավոր ուղեւորափոխադրումներին։ Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ խնդիրը տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման տիրույթում է:

Նախարարությունն էլ պայմանավորվածություն էր ձեռք բերել բարեգործական հիմնադրամի հետ` աշխատանքները կազմակերպել այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։ Սակայն դրանից հետո անգամ ընկերությունը շարունակում էր մեծ ֆինանսական կորուստներ կրել: Բանը հասավ նրան, որ «Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունները մի քանի տարի անց սնանկացան: Մասնավորապես` «Քինգ դելյուքս» ՍՊԸ-ն սնանկ ճանաչվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2015թ. հունիսի 19-ի վճռով:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի հիմնական խնդիրներից մեկը հենց հակամրցակցային գործունեության կանխարգելումն ու սահմանափակումն է:

ՏՄՊՊՀ-ն օրենքով սահմանված կարգով, քննարկելով տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը, կարող է որոշում կայացնել տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու վերաբերյալ: